Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշը շնորհավորել է Իլհամ Ալիեւին Հանրապետության տոնի առթիվ


Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին մայիսի 28-ին այդ երկրում նշվող Հանրապետության տոնի կապակցությամբ:

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության վկայությամբ`
Բուշը Ամերիկայի ժողովրդի անունից շնորհավորել է Ադրբեջանի նախագահին ու ժողովրդին եւ ասել, թե իր երկիրը որպես վճռական գործընկեր պատրաստ է աշխատել Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի ու երկարատեւ լուծման համար:

Նա նշել է, թե ամերիկյան կողմը պատրաստ է աշխատել նաեւ` ամրապնդելու Ադրբեջանի կապերը եվրատլանտյան միության հետ, ավելի զարգացնել երկրի ժողովրդավարական ինստիտուտները:

«Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի վերջին ջանքերը` ավելացնելու իր աջակցությունը Աֆղանստանում: Համոզված եմ, որ մեր երկկողմ համագործակցությունը կզարգանա», - գրել է Միացյալ Նահանգների նախագահը ադրբեջանցի պաշտոնակցին հղած շնորհավորական ուղերձում:

APA գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի Հանրապետության տոնը շնորհավորել է Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը, որի ուղերձը ընթերցվել է Սան Ֆրանցիսկոյում Ամերիկայի ադրբեջանական խորհրդի անցկացրած ընդունելության ժամանակ:

Տոնի նախօրեին Բաքվում պաշտոնական ընդունելություն է անցկացրել Իլհամ Ալիեւը:

Նա հայտարարել է, թե ժամանակակից Ադրբեջանը պատշաճ տեղ ունի միջազգային ասպարեզում, եւ խոսել է երկրում իրականացվող քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների մասին: Ալիեւի հավաստմամբ` Ադրբեջանը առանց խնդիրների մոտ ապագայում կմիանա աշխարհի զարգացած երկրներին, կդասվի նրանց շարքը:

Ադրբեջանի նախագահի խոսքերով, իր երկրի միակ խնդիրը Lեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Նա ասել է, թե այս տարվա ընթացքում հակամարտության վերաբերյալ կարծիքները ամբողջովին հստակեցվելու են, եւ վստահեցրել, որ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի տարածքային ամբողջակությունը պահպանելու շրջանակներում, եւ բանակցություններում քննարկվել է «Լեռնային Ղարաբաղը եւ մյուս գրավյալ տարածքները» միաժամանակ ազատելու հարցը:

«Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի անքակտելի մասը, ինչը երբեք բանակցություններում քննարկման առարկա չի լինի», - հայտարարել է Ալիեւը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG