Մատչելիության հղումներ

Ամենամյա անվասայլակային երթ-մարաթոն


Անվասայլակային երթ-մարաթոնը կազմակերպել էր «Փյունիկ» հաշմանդամների միությունը: Արդեն 15 տարի Հայաստանի անկախության օրը «Փյունիկ»-ը կազմակերպում է նման երթեր:

«Այսպես մենք նշում ենք Անկախության օրը եւ հասարակության ուշադրությունը եւս մեկ անգամ հրավիրում հաշմանդամության հիմնախնդիրներին», - ասում է միության նախագահ Հակոբ Աբրահամյանը:

21-ամյա Լիլիթը ապրում է Գյումրի քաղաքում, նա ի ծնե հաշմանդամ է: Արդեն 10 տարի «Փյունիկ» միության անդամ է: Այսօր Գյումրիից եկել է Երեւան՝ մասնակցելու Փյունիկի կազմակերպած երթ-մարաթոնին: Պատմում է, որ մարաթոնին մասնակցում է արդեն երկրորդ անգամ:

Փողոցները Գյումրիում հարմարեցված չեն հաշմանդամների տեղաշարժման համար, հասարակական տրանսպորտը անհասանելի է նրանց համար, բայց Լիլիթին ամենաշատն անհանգստացնում է մարդկանց վերաբերմունքը:

«Ես միշտ ցանկացել եմ, որ ինձ չնայեն որպես հաշմանդամի, ինձ լիարժեք մարդ համարեն: Շատ մարդիկ կան, որ փողոցներում ինձ ձեռք են առնում, այ դա տանել չեմ կարողանում», - ասում է Լիլիթը:

Հակոբ Աբրահամյանը կարծում է, որ վերջին շրջանում ինչ-որ ակտիվություն է նկատվում. հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններն են ավելացել, պետությունը սկսել է որոշ աջակցություն ցուցաբերել:

«Բայց, առաջին հերթին, միջավայրը պետք է փոխել հաշմանդամների համար, որովհետեւ եթե չունես ճիշտ միջավայր, հաշմանդամների ինտեգրումը շատ դանդաղ է առաջ գնում», - ասում է Հակոբ Աբրահամյանը:


Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG