Մատչելիության հղումներ

«Մարդու իրավունքների բնագավառում Հայաստանի կառավարության գործունեությունը մնում է անբավարար»


Մարդու իրավունքների ապահովման բնագավառում Հայաստանի կառավարության գործունեությունը մնում է անբավարար: Այդ մասին ասված է ազատության եւ ժողովրդավարության խորացման մասին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի 2008 թվականի զեկույցում, որը հրապարակվել է այսօր:

«2008 թվականի փետրվարի նախագահական ընտրությունները անցել են զգալի թերություններով», - ընդգծում է Պետդեպարտամենտը` մատնանշելով, մասնավորապես, կառավարության թեկնածուի շահեկան դիրքը, քվեատուփերի լցոնման, ընտրակաշառքի, բազմակի քվեարկության, ընտրողների ահաբեկման, ընտրական հանձնաժողովների ընդդիմադիր անդամների եւ ընդդիմության վստահված անձանց դեմ բռնությունների դեպքերը եւ ընտրողների կասկածելիորեն բարձր ակտիվությունը:

«Մարտի 1-ին կառավարությունը արտակարգ դրություն մտցրեց եւ ուժ կիրառեց` ցրելու համար ցուցարարների մեծ զանգվածը, սահմանափակելով մամուլի ազատությունն ու հավաքներ անցկացնելու իրավունքը, ձերբակալելով բազմաթիվ ցուցարարների: Ցուցարարների եւ իրավապահների միջեւ բախումների արդյունքում զոհվեց առնվազն 10 մարդ: Արտակարգ դրությունը վերացվեց մարտի 20-ին, սակայն քաղաքացիական ազատությունների սահմանափակումները մնում են ուժի մեջ` շնորհիվ հավաքների մասին նոր խիստ օրենքի, ընդդիմադիր մամուլի նկատմամբ ճնշումների եւ կառավարության ընդդիմախոսների շարունակվող ձերբակալությունների եւ ահաբեկումների», - արձանագրում է Պետդեպարտամենտը իր զեկույցում:

«Քաղաքացիները ի վիճակի չեն ազատորեն փոխել իրենց կառավարությունը; ծեծի են ենթարկվում նախնական կալանքի տակ գտնվողները; Ազգային անվտանգության ծառայությունը եւ Ոստիկանությունը գործում են անպատժելիորեն; իշխանությունները կամայական ձերբակալություններ եւ կալանավորումներ են իրականացնում; դատարանները մնում են գործադիր ճյուղի քաղաքական ճնշումների ազդեցության տակ; ազատազրկման վայրերում անառողջ պայմաններ են, թեեւ դրանք դանդաղորեն բարելավվում են; իշխանությունները սահմանափակումներ են մտցրել քաղաքացիների մասնավոր կյանքում, մամուլի եւ հավաքների ազատության նկատմամբ: Լրագրողները շարունակում են ինքնագրաքննություն կատարել, կառավարությունը եւ օրենքները սահմանափակում են կրոնի ազատությունը», - ասված է Պետդեպարտամենտի զեկույցում:

Փաստաթուղթն անդրադառնում է նաեւ «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման հետ կապված վերջին իրադարձություններին` նշելով. - «Ուժեղ, համախմբված ջանքերով, Միացյալ Նահանգները եւ ոչ կառավարական կազմակերպությունները իրենց դերը ունեցան ««Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանը եթերում պահելու գործում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG