Մատչելիության հղումներ

logo-print

Մի խումբ ազատամարտիկներ Հանրապետության տոնը նշում են Եռաբլուրում` հացադուլով եւ նստացույցով


Մի խումբ ազատամարտիկներ Հանրապետության տոնը նշում են Եռաբլուր պանթեոնում` հացադուլով եւ նստացույցով: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց հացադուլ հայտարարած ազատամարտիկ Կարո Հակոբյանը, հացադուլավորները 14-ն, նստացույցի մասնակիցները` մոտ 40 հոգի:

«Մեր հիմնական պահանջներն են, որ բավական է, ժողովուրդը հոգնել է այս դատավարություններից, այս շոուներից», - հայտարարեց Հակոբյանը: - «Մեր ժողովուրդը երկրի տեր ժողովուրդ է, կռիվ, պատերազմ հաղթած ժողովուրդ է: Այսօր այս իշխանություններն են Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի, Սարդարապատի 90-ամյակ տոնում, բայց մոռանում են, որ այդ ճակատամարտ հաղթածների թոռներին, ծոռներին այսօր իրենք բռնել են ապօրինի, լցրել են բերդերը իրենց քաղաքական նկատառումների համար: Դրա համար էլ մենք պահանջում ենք, որ անհապաղ ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին, բոլորին»:

Հացադուլ հայտարարած մեկ այլ ազատամարտիկ` Գալուստ Հայրապետյանը հավելեց, որ հացադուլը անժամկետ է. - «Մեր պայմանը, պահանջները հետեւյալն են` Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 1609 բանաձեւի ամբողջությամբ իրականացնելը: Ամբողջությամբ` այն, ինչ նախատեսված կա, այն, ինչ արծարծվում է այդ բանաձեւում, ամբողջությամբ, ու շտապ»:

Հայրապետյանը հայտնեց, որ առայժմ իրենց այցելել են միայն ոստիկանները. - «Ոստիկաններից բացի ուրիշ ոչ ոք չի եկել: Իհարկե, եկել են, ման են եկել ու թողել գնացել են, արտառոց ոչինչ չի եղել: Ուրիշ ոչ ոք չի եկել` ոչ Կարմիր խաչ, ոչ բժշիկներ»:

Ազատամարտիկները մտադիր են իրենց ակցիան շարունակել Եռաբլուրում:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG