Մատչելիության հղումներ

Հայաստանում այսօր նշվում է Հանրապետության օրը


Սարդարապատի հուշահամալիր, որտեղ տեղի ունեցան հիմնական տոնական միջոցառումները եկել էին երկրի օրենսդիր, գործադիր, դատական ու հոգեւոր ղեկավարությունը, կոալիցիոն քաղաքական ուժերի առաջնորդները, Հայաստանում համավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարները, Լեռնային Ղարաբաղի ղեկավարները:

Այստեղ էր նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ավելի ուշ Սարդարապատ եկան Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա գլխավորած Համաժողովրդական շարժման ներկայացուցիչները:

Զորահանդեսից, հուշակոթողի մոտ լռության րոպեից ու ծաղկեպսակներ դնելուց հետո սկսվեց տոնը: Հայաստանի բոլոր մարզերի ու Արցախի առանձին տաղավարներում հյուրասիրություն էր կազմակերպված:

Հանրապետության տոնի առթիվ ուղերձներ են հղել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«90 տարի առաջ մեր ժողովուրդը, դեռ ամբողջովին չթոթափած ցեղասպանության դաժան ապրումները, գերագույն լարումով կարողացավ համախմբել իր ջլատված ուժերն ու հաղթել Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Ապարանի գոյամարտերում` շնորհիվ ազատատենչ ոգու, պետականության վերականգնումի անկոտրում կամքի: Հայաստանի առաջին Հանրապետությունը, թեեւ ընդամենը երեք տարվա կյանք ունեցավ, սակայն մեր ժողովրդին տվեց այն հզոր հոգեւոր լիցքը, որի շնորհիվ 20-րդ դարավերջին ոչ միայն կրկին վերականգնվեց մեր պետականությունը, այլեւ ազատագրվեց Արցախը»:

«Ռազմի դաշտում տարած հաղթանակները`զորացնելով մեր հավատը սեփական ուժերի նկատմամբ, կամք եւ վճռականություն են հաղորդում մեզ` պահպանելու եւ զարգացնելու սերունդների համատեղ պայքարով ձեռք բերածը, հզորացնելու մեր անկախ պետականությունը` արդի մարտահրավերներին արժանիորեն դիմակայելու, մեր ժողովրդի առավել բարեկեցիկ վաղվա օրը կերտելու համար», - ասված է վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձում:


Ռուզան Խաչատրյան եւ Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG