Մատչելիության հղումներ

logo-print

Ռեջեփ Էրդողան. «Իշխող կուսակցությունը փակելու հարցի քննարկումը երկրի համար ծանր կացություն է ստեղծել»


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գործունեությունն արգելելու մասին դատախազության հայցադիմումի քննարկումը Սահմանադրական դատարանում երկրի համար ծանր կացություն է ստեղծել:

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ` վարչապետը հայտնել է, որ նման հարցի քննարկման փաստն արդեն հանգեցրել է արտասահմանյան ներդրումների նվազման, քանի որ ներդրողներին մտահոգում է Թուրքիայում ներքաղաքական ճգնաժամի հեռանկարը:

Սահմանադրական դատարանն այս տարվա մարտին իր վարույթ է ընդունել «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը փակելու հայցը, որը ներկայացրած դատախազությունը պնդում է, թե կուսակցությունն իրականացնում է հանրապետության աշխարհիկ կարգերի խարխլմանն ուղղված գործունեություն:

Մեկնաբաններն ասում են, որ Սահմանադրական դատարանը կարող է թե’ փակել «Արդարություն եւ զարգացումը» եւ թե’ բավարար չհամարել դատախազության ներկայացրած փաստարկները: Անորոշության հանգամանքի մասին է խոսել նաեւ վարչապետ Էրդողանը, ով Լիբանանից Թուրքիա վերադառնալուց հետո «Միլիեթ» օրաթերթին ասել է, որ «գործընթացը դեռ շարունակվում է, տակավին հայտնի չէ, թե ինչ որոշում կընդունի Սահմանադրական դատարանը»:

«Մենք ցանկանում ենք օր առաջ փակված տեսնել այս գործը: Եկեք վնաս չհասցնենք Թուրքիայի տնտեսությանը», - ասել է Էրդողանը:

«Մենք 25 միլիարդ դոլարի ներդրում ենք ակնկալել, սակայն հիմա փող ենք մուրում, այս տարվա ներդումներն ընդամենը 13 միլիարդ են», - գրել է տնտեսական հարցեր լուսաբանող «Ռեֆերանս» պարբերականը:

«Ռոյթերզ»-ը նշում է, որ դատախազությունը ոչ միայն «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փակումն է պահանջում, այլեւ պնդում է, որ մինչեւ 5 տարի ժամկետով հարկ է արգելել կուսակցության 71 բարձրաստիճան ակտիվիստների, այդ թվում Էրդողանի քաղաքական գործունեությունը:

«Արդարություն եւ զարգացում»-ը հերքում է իսլամական օրակարգ ունենալու մեղադրանքները եւ պնդում է, որ դատախազության հարուցած հայցի հիմքում սոսկ քաղաքական շարժառիթներ են:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG