Մատչելիության հղումներ

«Էներգետիկ անվտանգության առումով Եվրամիությանն անհանգստացնում է Ղարաբաղում պատերազմի սպառնալիքը»


Եվրամիությանն առավել անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը, քանի որ էներգետիկ կոմունիկացիաներից մի քանիսը գտնվում են հակամարտության գոտուց ընդամենը 20 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին ասել է Գերմանիայի զինված ուժերի՝ Բունդեսվերի ակադեմիային կից Միջազգային անվտանգության ֆորումի փորձագետ, փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Յոհաննես Ռաուն Day.az ադրբեջանական էլեկտրոնային պարբերականին տված հարցազրույցում:

Գերմանացի փորձագետի համոզմամբ` Ադրբեջանի աշխարհաքաղաքական կշիռը եւ հզորությունը վերջին տարիների ընթացքում էապես աճել են: «Ադրբեջանն այսօր, անկասկած, Հարավային Կովկասի լիդերն է: Էլ ո՞վ լիներ այդպիսին: Հայաստանի եւ Վրաստանի տնտեսական վիճակը հայտնի է: Այդ երկրների եւ Ադրբեջանի կարողություններն անհամեմատելի են: Թերեւս, միայն Ղազախստանը կարող է համեմատվել Ադրբեջանի հետ», - նշել է Ռաուն:

Խոսելով ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքի մասին` փորձագետն ասել է, որ հակամարտության կարգավորման այդ ճանապարհը հնարավոր է, բայց դա խիստ վտանգավոր կլինի:

«Բոլոր կոմունիկացիաներն անցնում են եւ առաջիկայում էլ անցնելու են Ադրբեջանի տարածքով: Ուստի, Եվրամիության էներգետիկ անվտանգության համար անհրաժեշտ է, որ հակամարտությունը կարգավորվի հենց խաղաղ, այլ ոչ թե ռազմական ճանապարհով, թեպետ երկրորդ տարբերակը ես բացառել չեմ կարող», - հայտարարել է Յոհաննես Ռաուն եւ հավելել. - «Ինձ թվում է, հարկ է անընդհատ շեշտել, որ ռազմական լուծումը կարող է անհրաժեշտ դառնալ Ադրբեջանի համար: Հարկ է քարոզչական գործունեություն ծավալել, համոզել միջազգային հանրությանը, որ գործը դրան չհասնի: Անհրաժեշտ է ամեն օր ընդգծել. - «Մենք պատերազմին դեմ ենք, բայց ստիպված կլինենք ռազմական գործողություններ սկսել, քանի որ մեր հողերի 20 տոկոսը գրավված է»:

Փորձագետի կարծիքով, պատերազմի տարբերակը ծայրաստիճան վտանգավոր է առաջին հերթին Եվրամիության եւ ԱՄՆ-ի համար:

«Գուցե Ռուսաստանին ավելի քիչ անհանգստացնի պատերազմի վերկսումը, մինչդեռ, Եվրոպական միությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ունեն մտահոգության շատ լուրջ առիթ, ունեն հակամարտությունը միջազգային օրենքների հիման վրա խաղաղ եւ արդար եղանակով լուծելու հարցում Հայաստանի վրա ճնշում բանեցնելու լուրջ առիթ», - հայտարարել է Յոհաննես Ռաուն:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG