Մատչելիության հղումներ

Գրիգորի Սարկիսյանը ազատվել է Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Գրիգորի Սարկիսյանին Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը:

Գրիգորի Սարկիսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ օրերս աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել` «այլ աշխատանքի հետ կապված»: Միաժամանակ, նա դժվարացավ հայտնել, թե ո՞րն է լինելու այդ նոր աշխատանքը. - «Դիմումս գրել եմ, բայց դեռ տեղյակ չեմ»:

Նա չհամաձայնեց այն մտքին, որ իր կողմից նման ձեւով դիմում գրելը անսպասելի էր. - «Բայց ինչո՞ւ է անսպասելի: Ես տասը տարուց ավելի է ծառայության պետ եմ»:

Ոստիկանության պետի պաշտոնում իր հնարավոր նշանակման առնչությամբ Սարկիսյանը ասաց. - «Այ, դա չեմ իմանում, չէ երեւի»:

Որեւէ պաշտոնի չնշանակվելու դեպքում նա պատրաստվում է հանգստանալ, սակայն, ամեն դեպքում, մնալու է Հայաստանում:

Գրիգորի Սարկիսյանը տեղյակ չէ, թե ո՞վ կարող է լինել Պետական պահպանության ծառայության նոր պետը:

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր հարաբերություններին առնչվող հարցին ի պատասխան` Սարկիսյանը դրանք բնորոշեց որպես «շատ լավ»:

«Իսկ ինչո՞ւ եք հրաժարվել ձեր պաշտոնից», - այս հարցին նա արձագանքեց. - «Ոչ թե հրաժարվել, ես չեմ հրաժարվել պաշտոնից: Երեւի այլ գործի տեղափոխվելու հետ կապված»:

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ իր նշանակվելու հնարավորության կապակցությամբ Սարկիսյանը հայտարարեց. - «Ես միշտ կամ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ: Որպես զինվոր` ես նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի զինվորն եմ, պետք է կանգնեմ իրենց կողքին մշտական»:

Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն` մարտի 1-ին ցուցարարների դեմ խիստ միջոցներ կիրառելու հրամանը տվել է Գրիգորի Սարկիսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` նա կտրականապես հերքեց իր հրաժարականի կապը մարտի 1-ի իրադարձությունների հետ: «Ոչ, նախագահի ուզելով է եղել [հրաժարականը]», - ասաց Սարկիսյանը:


Ռուզաննա Ստեփանյան եւ Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG