Մատչելիության հղումներ

Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում մտահոգություն է հայտնել Հայաստանի հետընտրական զարգացումների առնչությամբ:

«Մենք մտահոգված ենք այն հիմնախնդիրներով, որոնք ծագեցին ընտրություների ընթացքում, եւ այն բռնություններով, որոնք տեղի ունեցան ընտրություններից հետո: Մենք Հայաստանի լավ բարեկամն ենք եւ ուզում ենք, որ Հայաստանը ժողովրդավարական լինի», - ասաց Ադամ Շիֆը, այցելելով «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակ:

Ադամ Շիֆի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են կոնգրեսականներ Էլիսն Շվարցը եւ Ուեյն Գիլքրեսթը, անցած շաբաթվա վերջին ժամանել էր Երեւան եւ հանդիպումներ ունեցել Հայաստանի ղեկավարների, կոալիցիայի եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ:

«Իմ տպավորությունն այն է, որ Հայաստանի կառավարությունը տեղյակ է այն հիմնախնդիրների մասին, որոնք ծագեցին ընտրությունների ընթացքում եւ դրանցից հետո: Իշխանությունները գիտեն նաեւ, որ այդ ամենը անհանգստություն է առաջացրել ԱՄՆ-ում եւ ողջ աշխարհում»:

Խոսելով հետընտրական շրջանում կալանավորվածների մասին, որոնց ընդդիմությունը քաղբանտարկյալներ է անվանում, Ադամ Շիֆն ասաց. - «Այդ հարցը ես քննարկել եմ Պետդեպարտամենտի հետ: Եվ Պետդեպարտամենտը շատ մտահոգված է, որ կալանավորված մարդիկ կան, ովքեր կալանավայրում են հայտնվել քաղաքական արշավի ժամանակ ելույթ ունենալու եւ իրենց տեսակետները արտահայտելու համար: Դա մարդուն կալանավորելու հիմք չէ: Ոչ ոք չի ասում, որ պետք է ազատ արձակվեն այն մարդիկ, ովքեր բռնարարքներ են գործել: Բայց մարդիկ չպետք է ձերբակալվեն եւ դատվեն միայն իրենց տեսակետներն արտահայտելու համար, քանզի, որքանով ես գիտեմ, ազատ արտահայտվելու իրավունքը ամրագրված է Հայաստանի Սահմանադրությունում»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը կարո՞ղ է ճնշում բանեցնել Հայաստանի իշխանությունների վրա, կասեցնելով «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը, որով առաջիկա տարիներին Հայաստանին հատկացվելու է մոտ 260 միլիոն դոլար, կանգրեսականը կարծիք հայտնեց. - «Կարծում եմ, մեծ ողբերգություն կլինի, եթե այդ ծրագիրը կասեցվի, որովհետեւ դա չափազանց կարեւոր ծրագիր է: Ամոթալի կլինի, եթե այն վտանգվի ժողովրդավարությունից շեղվելու պատճառով: Ծրագրի իրականացման պատմության մեջ չի եղել նախադեպ, երբ ծրագիրը կասեցվեր, ոչ մի երկրում նման բան չի եղել: Եվ մենք չէինք ցանկանա, որ Հայաստանն առաջինը լիներ»:

Ընդամենը մի քանի օր առաջ Ադամ Շիֆը Կոնգրեսի ստորին պալատում ներկայացրել էր մի նախագիծ, որը պահանջում է Թուրքիայից` վերացնել Հայաստանի շրջափակումը: Այսինքն, կոնգրեսականը գտնում է, որ Բուշի վարչակազմը բավարար ջանքեր չի՞ գործադրում Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու համար, - այս հարցին Ադամ Շիֆը արձագանքեց. - «Կարծում եմ, պետք է արվի ավելին: Նման բան չպետք է լինի Կովկասում, Եվրոպայում կամ որեւէ այլ վայրում: Մենք ցանկանում ենք ասել վարչակազմին, որ այս հարցին պետք է ուշադրություն դարձվի, որովհետեւ Հայաստանի շրջափակումը մեծապես բարձրացնում է ապրանքների գները Հայաստանի բնակչության համար, եւ սրան պետք է վերջ դրվի: Եվ մենք ցանկանում ենք հարցնել վարչակազմին` «ի՞նչ քայլեր եք դուք ձեռնարկում շրջափակումը վերացնելու համար»:

«Մենք կուզեինք, որ Հայաստանը դառնար Կովկասի Silicon Valley-ը («Սիլիկոնե հովիտը»), որտեղ զարգանան նորագույն տեխնոլոգիաները», - ասաց կոնգրեսականը` հավելելով. - «Հուսով եմ, որ մոտ ապագայում իմ առաջարկած բանաձեւը կդրվի քվեարկության, բայց գիտեմ նաեւ, որ Թուրքիան պայքարելու է այդ փաստաթղթի դեմ, ինչպես պայքարել է իմ առաջարկած այլ բանաձեւերի դեմ»:

Ադամ Շիֆի վկայությամբ` Թուրքիան մեծ ջանքեր է գործադրել նաեւ ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի դեմ: «Մենք ցանկանում ենք այդ բանաձեւը քվեարկության դնել ստորին պալատում այն ժամանակ, երբ վստահ կլինենք, որ բավարար թվով ձայներ կստանանք: Մենք ցանկանում ենք ավելի լայն աջակցություն ապահովել: Ես հավատում եմ, որ Կոնգրեսը կճանաչի ցեղասպանությունը, եւ կարծում եմ, որ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ դեռ ողջ կլինեն ցեղասպանությունը վերապրածներից գոնե մի քանիսը», - ասաց նա:

Ադամ Շիֆը դեմոկրատ է, իսկ դեմոկրատների ճամբարում այժմ թեժ ընտրապայքար է ընթանում Հիլարի Քլինթոնի եւ Բարաք Օբամայի միջեւ: «Ո՞րն է ձեր նախասիրությունը», - այս հարցին կոնգրեսականը պատասխանեց. - «Ես, իհարկե, այս հարցում շատ սուբյեկտիվ եմ, բայց ես մի քանի նահանգում քարոզել եմ Բարաք Օբամայի օգտին: Կարծում եմ, նա շատ լավ նախագահ կլինի»:


Արմեն Դուլյան եւ Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG