Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմությունն այսօր՝ երկրի Անկախության օրը, հանրահավաք է հրավիրել՝ բողոքելու նախորդ շաբաթ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ, որոնցով նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կառավարող կուսակցությունը գերակշիռ մեծամասնություն է շահել օրենսդիր մարմնում:

Ընդդիմադիրների հանրահավաքը մեկնարկել է Անկախության օրվան նվիրված զորահանդեսին զուգահեռ: Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում անցկացված զորահանդեսն ընդունել է նախագահ Սահակաշվիլին:

Մայրաքաղաքի Սաբուրթալո շրջանում մոտ մեկ ժամ շարունակված հանրահավաքից հետո դրա հազարավոր մասնակիցները ուղղվել են դեպի Ռուսթավելի պողոտա:

Միացյալ ընդդիմության առաջնորդ Լեւան Գաչեչիլաձեն վստահեցնում է, որ ակցիան խաղաղ է լինելու:

Վրաստանի նորընտիր խորհրդարան անցած ընդդիմադիր բոլոր կուսակցությունները հրաժարվում են մտնել խորհրդարան եւ պահանջում են նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել` պնդելով, թե մայիսի 21-ի ընտրություններն ուղեկցվել են զանգվածային ընտրակեղծիքներով:

«Միացյալ ընդդիմությունը հրաժարվում է մտնել խորհրդարան եւ մնում է ժողովրդի հետ. մենք չենք հանձնվելու եւ բոյկոտելու ենք խորհրդարանի աշխատանքները», - հայտարարել է Գաչեչիլաձեն` տեղեկացնելով, որ այսօրվանից ընդդիմությունը վերսկսում է զանգվածային հանրահավաքները:

Չորեքշաբթի օրը անցկացված ընտրությունների արդյունքներով` խորհրդարան են անցել իշխող կուսակցությունը եւ երեք ընդդիմադիր ուժեր: Նախագահ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ստացել է մոտ 60 տոկոս ձայն, եւ զբաղեցնելով խորհրդարանի 150 տեղերից 120-ը` ապահովել է սահմանադրական մեծամասնությունը: Ընդդիմադիր երեք կուսակցությունները միասին ստացել են 30 մանդատ: Ընտրված ընդդիմադիրներից միայն երկուսն են հայտարարել մանդատները վերցնելու մտադրության մասին:

«Ես իրավունք չունեմ մտնել այնպիսի խորհրդարան, որը կեղծիքների, ապօրինությունների, ահաբեկումների եւ ապօրինի իշխանության կամայականությունների արդյունքում է ձեւավորվում եւ հիշեցնում է նախկին խորհրդային համակարգը: Իշխանությունները թող հասկանան, թե ինչ հարված է սա իրենց, հատկապես որ երկիրը ՆԱՏՕ-ին անդամակցության խնդիր ունի, ինչի համար միջազգային հանրությունը խիստ կարեւորում էր այս ընտրությունների արդար անցկացումը», - հայտարարել է «Նոր աջեր» կուսակցության նախագահ Դավիթ Գամկրելիձեն:

Մինչդեռ Միխեիլ Սահակաշվիլին ընդդիմությանը կոչ է անում հրաժարվել խորհրդարանի աշխատանքը բոյկոտելու մտադրությունից եւ երկրի համար վճռորոշ այս փուլում երկխոսության նստել իշխանությունների հետ:

«Ընդդիմությունը ինչպիսի ներկայություն էլ ունենա այս խորհրդարանում, ես ամեն ինչ կանեմ, որպեսզի այս ընդդիմությունը ավելի շատ լծակներ ունենա կառավարության աշխատանքը վերահսկելու համար», - երեկ հայտարարել է նախագահը:

Ի տարբերություն ընդդիմության, միջազգային դիտորդական առաքելությունները, արձանագրելով հանդերձ ընտրություններում տեղ գտած թերությունները, միաժամանակ վստահեցրել են, որ այս ընտրությունները մեկ քայլ առաջ էին հունվարին կայացած նախագահական ընտրությունների համեմատությամբ:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG