Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը այսօր գրում է. - «Սերժ Սարգսյանի` ՀՀ նախագահ «ընտրվելուց» անցել է ուղիղ երեք ամիս, իսկ երդման արարողությունից` ավելի քան 40 օր, սակայն մինչ օրս ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը որեւէ կերպ, որեւէ բառով կամ գոնե ակնարկով չի շնորհավորել Սերժ Սարգսյանին «ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ»: Այս հարցում Սերժ Սարգսյանը, փաստորեն, գերազանցեց իր նախորդին` Ռոբերտ Քոչարյանին, քանի որ վերջինս նախագահ «ընտրվելուց» եւ «վերընտրվելուց» հետո, այնուամենայնիվ, շնորհավորանքանման մի բան ստացել է ԱՄՆ-ի նախագահի կողմից: Ճիշտ է, դա եղել է ոչ թե շնորհավորանք, այլ ընդամենը շնորհավորանքանման մի բան, եղել է ուշացումով, եւ այն էլ` «պաշտոնը ստանձնելու կապակցությամբ», սակայն փաստը մնում է փաստ, որ եղել է: Սերժ Սարգսյանի դեպքը ունիկալ է նաեւ այս առումով: Այսինքն` ԱՄՆ-ի նախագահը մինչեւ օրս չի արձանագրել, որ Հայաստանում նախագահ է փոխվել, եւ որ ինքը այս երկրում «նոր գործընկեր» ունի»:

«Լեւոն Տեր-Պետրոսյանը պայքարի իմիտացիայով նպատակ էր հետապնդում ոչ թե իրական իշխանափոխության, այլ գոնե, ընդդիմության դաշտ գալով, քաղաքականություն վերադառնալ», - գրում է «168 ժամ»-ը` փոխանցելով. - «Երեկ նման հայտարարություն է արել ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը: Ըստ նրա` Լեւոն Տեր Պետրոսյանի «ոչ թե խաբված, այլ իրական կողմնակիցները» ձգտում էին վերադառնալ քաղաքական դաշտ եւ «ընդդիմադիրի կեցվածք որդեգրելով` մաքրվել անցյալի կեղտերից»: «Քաղաքական այդ թիմը հաջողությամբ լուծեց իր առջեւ դրված խնդիրը, թեեւ հետեւանքները` մարտի 1-ի իրադարձությունները անկանխատեսելի էին նաեւ նրանց համար», - ասել է Արշակ Սադոյանը: Ըստ նրա` «խաբված» են ՀԺԿ-ի նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Ի դեպ, Արշակ Սադոյանը առաջիկա օրերին դիմելու Հայաստանի նախագահի խորհրդականին` հասարակական մթնոլորտն առողջացնելու նպատակով ստեղծվող հասարակական պալատում ներգրավվելու համար»:

«Հայք» թերթը շարադրում է. - «Առ այսօր իշխանությունները որեւէ լուրջ քայլ չեն ձեռնարկել` բացահայտելու մարտի 1-ի ողբերգությունը: Շարունակվում են նաեւ կամայական ձերբակալությունները, առանց ծանուցագրի ոստիկանություն հրավիրելը: ԵԽԽՎ-ի պահանջներից հետո իշխանությունները փոխել են քաղբանտարկյալներից մի քանիսի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը փոխարինելով բնակավայրից չհեռանալու ստորագրությամբ: Սակայն նրանց դեմ հարուցված քրեական գործերն ու առադրված շինծու մեղադրանքները դեռեւս հանված չեն: Այսինքն` այս անձինք ընդամենը քաղբանտարկյալից վերածվել են քաղաքական հալածյալի: Մյուս կողմից այսօր կալանավայրերում են պահվում հարյուրավոր մարդիկ, որոնք այնտեղ հայտնվել են բացառապես իրենց քաղաքական հայացքների համար: Պարզից էլ պարզ է, որ այս հարցում եւս իշխանությունները ընդամենը թոզ են փչում միջազգային հանրության աչքերին»:

«Արդեն ավելի քան երկու ամիս է, ինչ Երեւանի մետրոյի կայարաններում հետախուզման մեջ գտնվողների շարքում, տարբեր տեսակի անթրաշ անձնավորությունների եւ ռեցիդիվիստների կողքին, փակցված են նաեւ «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի լուսանկարները: Իբր՝ իմացեք, մետրոյի հարգարժան ուղեւորներ, որ այս մարդիկ փնտրվում են իրավապահների կողմից, եւ եթե հանկարծ տեսնեք նրանց Երեւանի փողոցներում, անպայման զանգահարեք ոստիկանություն», - խմբագրականում գրում է «Առավոտ» թերթը: - «Դա, ակնհայտորեն, խեղկատակություն է. նման լուսանկարներն իմաստ ունեն միայն այն դեպքում, երբ հետախուզման մեջ են հասարակությանն անհայտ մարդիկ, եւ քաղաքացիները հենց այդ նկարներով է, որ պետք է ճանաչեն փախուստի մեջ գտնվող մարդկանց: Տվյալ դեպքում նման խնդիր չկա: Իհարկե, մեր ոստիկաններն այդքանը հասկանում են. պարզապես իշխանության նպատակն է նաեւ ա’յս ձեւով քարոզել տվյալ գործիչների դեմ, բացի այդ՝ վիրավորել նրանց արժանապատվությունը… Տեսնես, եթե Ռոբերտ Քոչարյանը հետախուզման մեջ հայտնվի՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու, իսկ այնուհետեւ՝ նրանց վրա կրակելու հրամանը տալու մեղադրանքով, նրա նկարը նո՞ւյնպես կախելու են մետրոյի կայարաններում»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG