Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը կայացրել է Ժիրայր Սեֆիլյանի արտաքսման գործընթացը սկսելու որոշում


Հայաստանի ոստիկանությունն այս շաբաթ կայացրել է ապօրինի զենք պահելու համար դատապարտված ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանին արտաքսելու գործընթացը սկսելու վերաբերյալ որոշում: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց նրա շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը:

2006 թվականի դեկտեմբերին Սեֆիլյանը դատապարտվել է մեկուկես տարվա ազատազրկման:

«Որպես որոշման հիմնավորում ներկայացվել է այն հանգամանքը, որ այս տարվա հունիսի 9-ին Սեֆիլյանի ազատազրկման ժամկետը լրանալուց հետո նա Հայաստանում կմնա առանց բնակության իրավունքի», - ասաց փաստաբանը:

Նա փաստեց, որ Սեֆիլյանի դեպքում օրենքն արգելում է արտաքսումը:

«Նրան, ըստ օրենքի, արգելվում է արտաքսել այն պատճառով, որ նա իր խնամքին ունի երկու անչափահաս երեխա», - պատճառաբանեց Գրիգորյանը:

Շուշիի առանձին գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը երկու անգամ դիմել է Հայաստանի իշխանություններին՝ քաղաքացիություն ստանալու խնդրանքով:

«Վերջին անգամ նրա դիմումը պարզապես չեն վերցրել», - ասաց փաստաբանը:

Նա հայտնեց, որ բողոքարկելու է ոստիկանության որոշումը: «Բողոքարկման ողջ ընթացքում Սեֆիլյանին չեն կարող արտաքսել», - փաստեց Գրիգորյանը:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG