Մատչելիության հղումներ

logo-print
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ Ստրասբուրգում հանդիպել է Եվրախորհրդի մոնիտորինգի Ագոյի խմբի նոր ղեկավար Ստելյան Ստոյանի հետ:

Ստոյանը, ով Ագոյի խմբի կազմում երկու անգամ եղել է Երեւանում, հավաստել է, որ թեպետ խմբում նախագահի փոփոխություն է տեղի ունեցել, բովանդակության առումով համագործակցությունը չի փոխվել, եւ գործընկերությունը արդյունավետորեն շարունակվելու է:
Տիգրան Թորոսյանը Ագոյի խմբի ղեկավարին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 1609 բանաձեւի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Քննարկվել է նաեւ մարտյան իրադարձությունների հետեւանքով ձերբակալվածների խնդիրը: Ներկայացնելով Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այդ հարցի շուրջ մայիսի 19-ին հանրապետության նախագահի հրավիրած խորհրդակցության ժամանակ հստակ արձանագրվել է, որ ծանր քրեական հանցագործություններ կատարած մարդիկ անվերապահորեն պիտի պատժվեն, որեւէ մեկը չպետք է հետապնդվի իր քաղաքական հայացքների համար:

Ագոյի խմբի ղեկավարը հատկապես կարեւորել է, որ ԵԽԽՎ-ի բանաձեւի իրականացման համար ստեղծված աշխատանքային խումբը ղեկավարում է Հայաստանի նախագահը, ինչը, ըստ նրա, վկայում է իշխանությունների լուրջ եւ շահագրգիռ վերաբերմունքը բանաձեւի կատարմանը: Կարեւորելով այն փաստը, որ Ազգային ժողովում է ժամանակավոր հանձնաժողով ստեղծվելու՝ ներգրավելով խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերին ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, Ստոյանը շատ կարեւոր է համարել հանձնաժողովի լիազորությունների սահմանումը, մարտյան իրադարձությունների ոչ միայն հետեւանքները, այլեւ պատճառները բացահայտելը, ինչը կնպաստի հասարակության մեջ վստահության մթնոլորտի ձեւավորմանը:

Հայաստանյան ընդդիմությունը համոզված է, որ հետընտրական իրադարձությունների կապակցությամբ ձերբակալվածները քաղբանտարկյալներ են, եւ իշխանությունները քիչ բան են արել ԵԽԽՎ-ի բանաձեւի կատարման ուղղությամբ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` երեկ Տիգրան Թորոսյանը հանդիպել է նաեւ Լեհաստանի Սեյմի մարշալ Բոգդան Բորուսեւիչի հետ:

Ազգային ժողովի նախագահը Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում այսօր ելույթ է ունեցել «Եվրախորհրդի արժեքը՝ որպես հիմնարար արժեքների պահապան» հարցի քննարկման ժամանակ:

Օրվա վերջում նախատեսված է Տիգրան Թորոսյանի հանդիպումը ԵԽԽՎ-ի նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG