Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան «Իզվեստիա»-ն գրում է, որ 2002 թվականի մարդահամարի տվյալներով` Վրաստանում բնակվել է 4 միլիոն 370 հազար մարդ: 2004 թվականի նախագահական ընտրություններին մասնակցել է 2 միլիոն 129 հազար 824 քաղաքացի, արդեն 2008-ի հունվարյան նախագահական ընտրություններում քվեարկողների թիվն ավելացել է գրեթե մեկ միլիոնով եւ դարձել 3 միլիոն 372 հազար 836, իսկ օրերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին` 3 միլիոն 463 հազար 792:

«Ցուցակներում հայտնվել են երբեւէ գոյություն չունեցող բնակելի մասնաշենքներ, որտեղ իբր ապրում են մեծ թվով ընտրողներ: Մի քանի տասնյակ թբիլիսցիներ հայտնաբերել են, որ իրենց բնակարաններում «ապրում են» մեծ թվով օտար մարդիկ», - գրում է թերթը:

«Մեռյալ հոգիների» այդ մեծ թիվը թույլ է տալիս քվեատուփ «մտցնել» քվեաթերթիկների ցանկացած քանակություն: Այդ մեթոդը հատկապես ակտիվ կերպով կիրառվել է այն շրջաններում, որտեղ խիտ բնակվում են ոչ վրացիները», - գրել է «Իզվեստիա»-ի մեկնաբան Ալեքսանդր Իաշվիլին եւ հավելել. - «Արդյունքում, այնտեղ, որտեղ բնակվում են էթնիկ հայերն ու ադրբեջանցիները, ընտրություններին մասնակցել է ընտրողների 90-95 տոկոսը, դա բացարձակ անիրատեսական թիվ է»:

Մեկնաբանի փոխանցմամբ` կեղծիքների մեկ այլ ձեւը «կարուսելն» է: Ընտրությունների նախօրեին իշխանությունները հազարավոր մարդկանց տվել են անձնագրեր` առանց հասցեի: Դա ընձեռել է տարբեր տեղամասերում մի քանի անգամ քվեարկելու հնարավորություն: Թերթը վկայակոչել է ընդդիմադիր Հանրապետական կուսակցության դիտորդին, ով պնդում է, որ Թբիլիսիի միայն մեկ շրջանում բացահայտել է «կարուսելի» 400 դեպք: Ընդդիմությունը ներկայացրել է մի տեսագրություն այսպիսի դրվագով՝ Կախեթիում դիտորդը հարցնում է ընտրողին. - «Բայց դու արդեն եղել ես այս տեղամասում, չէ՞»: «Չէ», - պատասխանում է պարզամիտ ընտրողը. - «Ես ուրիշ տեղամասում եմ եղել»:

«Իզվեստիա»-ի պնդմամբ` Վրաստանում լայնորեն կիրառվել է նաեւ ընտրողներին ահաբեկելու տարբերակը, ընդ որում` թե' նախքան քվեարկությունը եւ թե' քվեարկության ընթացքում: Ըստ թերթի, մարդկանց «հրավիրել են» ղեկավարների, որոշ դեպքերում էլ նույնիսկ քրեական հեղինակությունների մոտ եւ «բացատրել», թե ում օգտին է պետք քվեարկել:

ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության նախնական զեկույցում նշված է, որ «Կախեթիում դպրոցներից մեկի տնօրենը մանկավարժին զգուշացրել է, որ նրան կազատի աշխատանքից, եթե նա չքվեարկի հօգուտ իշխող կուսակցության»:

Նույն նախնական զեկույցում ասվում է նաեւ, որ «քրեակատարողական հիմնարկներում նախնական կալանքում գտնվողների ազգականներին ասել են, որ կալանավորներին կազատեն այն դեպքում, եթե ազգականները իրենց քվեներով աջակցեն իշխող կուսակցությանը»:

Եվ վերջապես, ըստ «Իզվեստիա»-ի, լայնորեն կիրառվել է ուժային կառույցների քվեարկության հնարավորությունը: Զինծառայողները, ըստ կարգի, պետք է քվեարկեն իրենց տեղակայման վայրերում, սակայն ընտրությունների օրը որոշ զորամասեր հանկարծ սկսել են տեղափոխել ուրիշ շրջաններ, որտեղ, ինչպես պնդում է ընդդիմությունը, զինվորներն ու սպաները վերստին մասնակցել են քվեարկությանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG