Մատչելիության հղումներ

Մինսկում հանդիպում են ԱՊՀ-ի երկրների վարչապետները


Մինսկում գումարվում է ԱՊՀ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը երեկ երեկոյան է ժամանել Բելառուսի մայրաքաղաք, որտեղ արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետը հանդիպել է իր վրաց գործընկեր Լադո Գուրգենիձեի հետ եւ շնորհավորել նրան Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:

Հաղորդագրության համաձայն` Տիգրան Սարգսյանը վրաց պաշտոնակցին ներկայացրել է հայկական կողմին մտահոգող որոշ խնդիրներ եւ դրանց լուծման հարցում խնդրել նրա միջամտությունը. - «Հայաստանի կառավարության ղեկավարը, մասնավորապես, խոսել է Վրաստանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ փոխադրումների դիմաց գանձվող բարձր սակագների ու դրանց ձեւավորման տրամաբանությանը հայկական կողմին եւս իրազեկ դարձնելու կարեւորության մասին: Տիգրան Սարգսյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի իրավաբանական կարգավիճակի ու հայկական եկեղեցիների դեմ ժամանակ առ ժամանակ Վրաստանում կրոնական եւ աշխարհիկ արմատականների կողմից կատարվող ոտնձգությունների ու սադրիչ գործողությունների վրա, որոնք, ՀՀ վարչապետի համոզմամբ, լրացուցիչ լարվածություն են ստեղծում հասարակության շրջանում: Նա հատկապես նշել է վերջերս Թբիլիսիի «Սուրբ Նորաշեն» եկեղեցու տարածքն ապօրինաբար պարսպապատելու եւ այդ դատապարտելի արարքով դեպի հեռուն գնացող մտադրությունները, որոնց մասին ապօրինությունն իրականացնողները նաեւ հրապարակավ հայտարարություններ են անում: Վարչապետ Լադո Գուրգենիձեն դատապարտելի է համարել ծայրահեղական մոտեցումներն ու սադրիչ գործողությունները եւ խոստացել խնդրի էությանն առավել հանգամանորեն ծանոթանալ ու միջամտել»:

Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերից առավել առանցքայինը Համագործակցության տնտեսական զարգացումն է: Անցյալ տարվա հոկտեմբերի 5-ին ԱՊՀ-ի գագաթնաժողովը, ապա նոյեմբերի 22-ին` կառավարությունների ղեկավարների խորհուրդը հանձնարարել են մշակել տնտեսական զարգացման ռազմավարության նախագիծը: Այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ:

Օրակարգում են նաեւ ԱՊՀ-ի տարածքում աշխատանքային միգրանտների իրավական կարգավիճակի, համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության, սահմանամերձ համագործակցության եւ պարենային անվտանգության հարցերը:

Նիստը որոշում կընդունի ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նախագահության վերաբերյալ: Կանոնակարգի համաձայն, հերթագայության սկզբունքով եւ այբբենական կարգով նախագահությունը մեկ տարի ժամկետով ստանձնում է Համագործակցության անդամ յուրաքանչյուր պետություն, ընդ որում` նախորդող եւ հաջորդող նախագահները դառնում են համանախագահներ:

Քանի որ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդում Ուկրաինայի նախագահությունն ավարտվում է, նախագահությունը կստանձնի Բելառուսը, իսկ Ուկրաինայի եւ Վրաստանի վարչապետները կդառնան համանախագահներ:

Մինսկում վարչապետի պաշտոնում առաջին անգամ հանդիպելու են Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների նոր ղեկավարներ Տիգրան Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG