Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, ԵԽԽՎ-ի բանաձեւի «որեւէ կետ չի կատարվել»


Հայաստանի խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր քաղաքական ուժի` «Ժառանգություն» խմբակցության քատուղար Ստեփան Սաֆարյանը այսօր կարծիք հայտնեց, թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` Հայաստանին վերաբերող բանաձեւի որեւէ կետ ցայսօր չի կատարվել:

Նրա մասնավորեցմամբ` հատկապես քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին ազատ արձակելու, քաղաքական երկխոսություն սկսելու, հեռուստատեսությամբ ընդդիմությանը «բավարար եթեր» տրամադրելու, հանրահավաքներին առնչվող օրենսդրության մեջ պահանջված փոփոխությունները չեն կատարվել:

«Ազատ արձակման տակ մեր իշխանությունները հասկանում են` դատել եւ ազատ արձակել», - շարունակեց պատգամավորը: - «Անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի` երկխոսության առաջարկից հետո որեւէ լուրջ տեղաշարժ այս ոլորտում չկա: Պահանջներից մեկը ժողովներ, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքն է [օրենքի փոփոխությունները]. աշխատանքային խմբի ժամանակացույցով այս օրենքի երկրորդ ընթերցումը պետք է տեղի ունենա աշնանային առաջին նստաշրջանում»:

«Ոչ», - հակադարձեց ճեպազրույցին ներկա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` ճշտելով. - «Երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ օրենքը ընդունվելու է հունիսի 9-ից 11-ի քառօրյայում»:

Հանրապետական կուսակցության խորհրդանական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի խոսքով` երկխոսությունը «սկսվել է շատ վաղուց». - «Եվ ես չեմ գտնում, որ եթե մեկ անձ կամ մեկ քաղաքական ուժ չի ցանկանում մասնակցել երկխոսությանը, ապա հասարակության մեջ, քաղաքական դաշտում երկխոսություն չկա»:

«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Արտաշես Ավոյանը կարծում է, որ նախագահ Սերժ Սարգսյանի ստեղծած աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցում էր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «երկխոսության դրսեւորում էր»:

«Երկխոսության մեկնարկի առանցը ոչ թե թեմային ընտրությունը պետք է լինի, այլ պարզապես քաղաքական կամքը», - հավելեց Ավոյանը:

ՀՅԴ-ի խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը հանրահավաքների օրինագծի կապակցությամբ ասաց. - «[Փոփոխություններն ու լրացումները] Բավարար են Հայաստանի Հանրապետետության ստանձնած պարտավորությունների կատարման համար: Սակայն մենք չենք կարծում, որ խնդիրը ամբողջապես լուծվել է»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ավետ Ադոնցը ասաց. - «Ես համաձայն կլինեմ, որպեսզի մեզ զրկեն ձայնից, համաձայն կլինեմ, որպեսզի քննադատեն մեզ, բայց ամենակարեւորը` այդ թուղթը ինձ համար ոչինչ է` եթե մենք չհասնենք հաջողության մեր ներքին քաղաքական կյանքում»:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG