Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում բացվում է Ղարաբաղյան շարժման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով


Ստեփանակերտում այսօր բացվում է երկօրյա միջազգային գիտաժողով` նվիրված Ղարաբաղյան շարժման 20-րդ տարեդարձին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց հոբելյանի տոնակատարությունների պետական հանձնաժողովի համանախագահ, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, «Ղարաբաղյան շարժման 20-ամյակ. իրողություններ եւ հեռանկարներ» խորագրով գիտաժողովը կարելի է համարել հոբելյանական ծրագրի առանցքային միջոցառումը:

«Այս անգամ մենք փորձել ենք այստեղ` Արցախում հավաքել տարբեր երկրներից փորձագետների, վերլուծաբանների, այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ զբաղվել են ղարաբաղյան հիմնախնդրով կամ նոր են միացել», - նշեց Աշոտ Ղուլյանը:

Նա հայտնեց, որ գիտաժողովին մասնակցելու համար Ստեփանակերտ են ժամանել պատվիրակություններ Հայաստանից, Ռուսաստանից, կան նաեւ ներկայացուցիչներ Միացյալ Նահանգներից, Բելգիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իրանից: Գիտաժողովի մասնակիցների թվում են նախկինում ղարաբաղյան խնդրի կարգավորման ռուսաստանյան միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը, ռուսաստանցի հայտնի փորձագետներ Սերգեյ Մարկեդոնովը, Ալեքսանդր Կռիլովը, Վյաչեսլավ Իգրունովը, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հրավիրված է նաեւ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Հրավիրել ենք, իհարկե, շատ ավելի մեծ թվով մարդկանց, բայց, ցավոք, ոմանց մասնակցությունը զուտ տեխնիկական կամ զբաղվածության պատճառով չի ստացվել», - նշեց Ղուլյանը:

Գիտաժողովի ընդհանուր թեմատիկան պայմանականորեն բաժանվել է երեք մասի` քաղաքական, իրավական եւ տեղեկատվական ուղղություններ:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG