Մատչելիության հղումներ

logo-print

Գեւորգ Դանիելյանը պնդում է, թե դատական լսումներին խոչընդոտում են միայն «որոշ քաղաքական ուժեր»


Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի պնդմամբ, հետընտրական շրջանում կալանավորվածների նկատմամբ դատավարությունները «հրապարակային ու բաց են», եւ դատական լսումներին խոչընդոտում են միայն «որոշ քաղաքական ուժեր, որոնք դատական գործընթացն ուզում են վերածել քաղաքական, հրապարակային միջոցառման»:

«Սա ակնհայտ ճնշում է նաեւ դատական համակարգի նկատմամբ, դատավորների նկատմամբ», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Դանիելյանը` փաստարկելով. - «Որովհետեւ ես իրոք հետեւել եմ որոշ գործընթացների եւ ցավում եմ, որ դատարանի դահլիճը ոչ թե վեր է ածվում պարզապես անկարգությունների վայրի, այլ սպառնալիքներ են տեղում ուղիղ դատավորի հասցեին: Եվ սպասել այնուհետեւ, որ դատավորը հնարավորություն կունենա անաչառ լինեն, չափազանց դժվար է»:

Դատարանում ոստիկանների վկայությունների եւ դրանց հանդեպ վստահության առումով նախարարը ասաց. - «Եթե իսկապես վկան ոստիկանն է այս իրավիճակում, ապա ի՞նչ խնդիր կա այստեղ: Եթե մենք չենք վստահում ոստիկանին, ապա կարող ենք նույն հաջողությամբ չվստահել ցանկացած ֆիզիկական անձի»:

Ձերբակալված քաղաքական գործիչներից շատերը պնդում են, որ իրենց նկատմամբ շաբաթներ շարունակ որեւէ քննչական գործողություն չի իրականացվում: Արդարադատության նախարարի համոզմամբ` նման դատողություններ կարող են անել նրանք, ովքեր «իրազեկ չեն քրեական գործի նախաքննության կանոններին». - «Եթե, ընդունենք, որեւէ կալանավորված անձ չի հրավիրվում հարցաքննության կամ առերես հարցաքննության, կամ չի մասնակից դարձվում որեւէ քննչական գործողության, սա չի նշանակում, թե քրեական գործով այլ քննչական գործողություններ չեն արվում... Այս դադարները դադար են ընդամենը կալանավորվածի համար, բայց` ոչ քրեական գործի համար»:

Հարկ է, թեեւ, նշել, որ ձերբակալվածներից շատերի փաստաբանները խոսում են ոչ թե դադարի, այլ «որեւէ քննչական գործողության իսպառ բացակայության» մասին:

«Մինչ օրս որեւէ քննչական գործողության մասնակից չեն դարձրել [իմ պաշտպանյալին], որեւէ քննչական գործողություն չի կատարվել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի շահերը պաշտպան Հովիկ Արսենյանը:


Աննա Սաղաբալյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG