Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյանը հանդիպել է Թերի Դեւիսի հետ


Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակներում Ստրասբուրգում գտնվող Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը այսօր հանդիպել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հետ:

Անդրադառնալով մարտի սկզբին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին՝ Տիգրան Թորոսյանը նշել է, թե 1988 թվականից Հայաստանում բազմաթիվ հանրահավաքներ են եղել, բայց դրանցից ոչ մեկը նման ելք չի ունեցել: Ըստ նրա, ողբերգական դեպքերի պատճառ չէր կարող լինել մարդկանց դժգոհությունը սոցիալական վիճակից, որովհետեւ վերջին տարիներին այն աստիճանաբար բարելավվել է, իսկ հունվարից 60 տոկոսով բարձրացել են թոշակները, զգալիորեն ավելացել են աշխատավարձերը: Թորոսյանը պարզունակ է համարել նաեւ այն մոտեցումը, թե խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանությունը ուժ է կիրառել. նկարահանումները վկայում են, որ այնտեղ ոչ միայն խաղաղ ցուցարարներ կային, այլեւ մետաղյա ձողերով ու «մոլոտովյան կոկտեյլներով» զինվածներ, կիրառվել են նռնակներ, հանրահավաքի վայրից մինչեւ մեկ կիլոմետրի վրա թալանվել եւ ավերվել են խանութներ:

Ազգային ժողովի նախագահը կարեւորել է հունիսի սկզբին խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը՝ ԵԽԽՎ-ի թիվ 1609 բանաձեւի համաձայն, որի ուսումնասիրությունները պետք է տան այդ եւ մյուս հարցերի պատասխանները: Նա իրազեկել է, որ Ազգային ժողովում արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընտրական գործընթացների բարելավման նպատակով, ինչպես նաեւ աշխատանքներ են տարվում ռադիոյի եւ հեռուստատեսության մասին օրենքի բարելավման նպատակով, որպեսզի հնարավոր լինի ազգային հանձնաժողովի անդամների ընտրության կարգը սահմանել օրենքով:

Տիգրան Թորոսյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել են Վենետիկի հանձնաժողովի հավանությանն արժանացած փոփոխությունները «Հանրահավաքներ, ժողովներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում, իսկ հունիսյան քառօրյայում կընդունվեն երկրորդ ընթերցումով՝ լիովին համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին: Ըստ նրա, ընդդիմության լիազորությունները արդեն իսկ ամրագրված են ժողովրդավարական խորհրդարանում ընդդիմության իրավունքներին եւ պատասխանատվությանը վերաբերող ԵԽԽՎ-ի թիվ 1601 բանաձեւում նշված 27 կետերից 21-ով, եւս 3-4-ը կստեղծվեն Ազգային ժողովի կանոնակարգի փոփոխությամբ: Կալանավորված անձանց առնչությամբ, Ազգային ժողովի նախագահի խոսքերով, որդեգրվել է հետեւյալ մոտեցումը. յուրաքանչյուրը, ով կատարել է ծանր քրեական հանցագործություն, պետք է պատժվի անվերապահորեն, որեւէ մեկը չպետք է հետապնդվի իր քաղաքական հայացքների կամ դիրքորոշման արտահայտման համար:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Թերի Դեւիսը համաձայնել է, որ ծանր հանցագործություններ կատարածները անպայման պետք է պատժվեն, եւ որեւէ մեկը չպետք է հետապնդվի իր քաղաքական հայացքների համար: Նա ողջունել է ԵԽԽՎ-ի բանաձեւի իրականացման նպատակով արված քայլերը, այդ թվում` մարտյան իրադարձությունների ուսումնասիրման համար հանձնաժողովի ստեղծումը, միաժամանակ նշելով, որ հանձնաժողովը չի կարող դառնալ միակ պատասխանատուն կատարվածի պատճառները բացահայտելու հետ կապված: Մասնավորապես, Դեւիսն անչափ կարեւորել է գործի քննությունը իրավապահների կողմից եւ զոհերից յուրաքանչյուրի մահվան պատճառների բացահայտումն ու մեղավորների պատժումը:

Տիգրան Թորոսյանը այսօր հանդիպել է նաեւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի հետ, ում շնորհավորել է բարձր պաշտոնում ընտրվելու առիթով եւ պաշտոնական այցով հրավիրել Հայաստան:

Մարիոս Գարոյանը ընդունել է հրավերը եւ ասել, որ Կիպրոսում եւս սիրով սպասում են բարեկամ երկրի խորհրդարանի նախագահին: Նա համոզմունք է հայտնել, որ իր հայկական արմատները եւս կօժանդակեն երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG