Մատչելիության հղումներ

logo-print

«Եդինայա Ռոսիա»-ի պատգամավորներին մտահոգել է ընդդիմադիրների «Ազգային ասամբլեայի» ստեղծումը


Ռուսաստանի Պետդումայում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ներկայացնող պատգամավորները առաջարկել են ուսումնասիրել ընդդիմադիր մի շարք կազմակերպությունների ձեւավորած «Ազգային ասամբլեայի» գործունեության օրինականությունը եւ ձեռնարկել խիստ քայլեր:

«Նոր նախագահի ընտրություններից անմիջապես հետո ակնհայտորեն քաղաքական ճգնաժամ է հրահրվում, ինչը սպառնում է պառակտել նաեւ հասարակությունը», - Պետդումայի երեկվա նիստում հայտարարել են նրանք` առաջնահերթ համարելով «վտանգավոր գործընթացների կասեցումը»:

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի գլխավորությամբ ստեղծված «այլընտրանքային խորհրդարանի»` «Ազգային ասամբլեայի» շաբաթ օրը կայացած առաջին նիստում, որին մասնակցել են ընդդիմադիր 85 կազմակերպություն ներկայացնող շուրջ 500 ակտիվիստներ, ճիշտ Պետդումայի սկզբունքով ձեւավորվել են ղեկավար մարմին ու խորհրդարանական հանձնաժողովներ: Ընդդիմադիրները հայտարարել են, թե նորաստեղծ կառույցը երկրում ժողովրդավարություն հաստատելու նպատակ ունի: «Ռուսաստանի քաղաքացիները զրկված են քաղաքական եւ քաղաքացիական հիմնարար իրավունքներից», - ասված է «Ազգային ասամբլեայի» կանոնադրությունում:

«Ես լուծում եմ օրակարգային խնդիր` ապամոնտաժել Պուտինի ռեժիմը, որը իմ երկիրը տանում է կործանման: Ես պետք է օգտագործեմ այս երկրում ինձ ընձեռվող բոլոր հնարավորությունները այդ նպատակին հասնելու համար», - ասել է Կասպարովը:

«Եդինայա Ռոսիա»-ն մտավախություն ունի, թե սա առաջին քայլն է, եւ եթե իշխանությունները համապատասխան միջոցներ չձեռնարկեն եւ չլուծարեն այդ կառույցը` ընդդիմությունը կարող է «շատ հեռուն գնալ»:

«Ընդդիմության խնդիրը կառուցողական քննադատությունն է: Իսկ սա վտանգավոր խաղ է, որից ծայրահեղականության հոտ է փչում», - պնդել են իշխող կուսակցության պատգամավորները, որոնցից ոմանք իշխանություններին ու իրավապահներին կոչ են արել խիստ միջոցներ ձեռնարկել «երկրի սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու կոչեր հնչեցնողների նկատմամբ»:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

(Լուսանկարում` Գարի Կասպարով)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG