Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ»-ը, անդրադառնալով Դաշնակցության ընդհանուր ժողովին, գրում է. - «Երեկվա ժողովը, ըստ էության, Համաժողովրդական շարժման կոնգրեսում Լեւոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթի պատասխանն էր, եւ ՀՅԴ-ն եւս մեկ անգամ ապացուցեց, որ անխզելի կապով կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ»: «Այսպիսով, Հայաստանում տեղի ունեցած վերջին բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը երեկ Հրանտ Մարգարյանը վերագրեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, ում թիկունքում սփյուռքահայ Մարգարյանը տեսնում է ոչ միայն «ՀՀՇ-ի ականջները», այլեւ` օտար ուժերի, որոնք ուզում էին «բերդը ներսից գրավել», - նկատում է թերթը:

«Վերջին ամիսներին կատարված ձերբակալությունները տարբեր ուժեր որակում են որպես քաղաքական», - գրում է այսօր «Ազգ»-ի մեկնաբանը: - «Չհամաձայնել նման որակմանը, ցավոք, չենք կարող, քանի որ շատ դեպքերում այդ ձերբակալությունները կատարվել են կամ գործչի որոշակի քաղաքական գնահատականների, կամ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ազատամարտիկների տանը հայտնաբերված զինամթերքի համար: Որ զենք եւ զինամթերք պահելը քրեորեն պատժելի է, հասկանում են բոլորը, բայց նաեւ հասկանալի է, որ նախկին ազատամարտիկների տներում, որպես կանոն, լինում էին դեռ Արցախյան հերոսամարտերից մնացած զենք ու զինամթերք: Այսինքն` ցանկության դեպքում կարող էին նրանց ձերբակալել դեռ այն ժամանակ, երբ նրանք ընդգրկված չէին քաղաքականության մեջ, սակայն այդ հարցը բարձրացավ, երբ ազատամարտիկներից ոմանք ընտրությունների շրջանում աջակցեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հենց այդ ժամանակ էլ իրավապահ մարմինները հիշեցին ընդդիմադիր ազատամարտիկների մոտ զենքի առկայության փաստերը»: «Հայաստանում պետք է ստեղծվի քաղաքական նոր մշակույթ, որը բացառի քաղաքական ձերբակալությունները, ինչպես նաեւ մինչեւ դատական նիստը քաղաքական գործիչներին բանտում պահելու հանցագործ սովորությունը: Հայաստանը նոր, առողջ քաղաքական ավանդույթների ներդրման կարիք ունի», - եզրափակել է թերթի մեկնաբանը:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «ԵԽԽՎ-ի բանաձեւի պահանջների շուրջ գործընթացը, իշխանությունների կողմից դրա որոշ կետերի կատարման երկարաձգումը ուղղակիորեն փրկօղակ են փակուղում հայտնված Լեւոն Տեր-Պետրոսյանի համար։ Կարծում ենք, «համաժողովրդական շարժումը» արդեն սպառել է իրեն, իսկ 1609 բանաձեւն այն վերջին հնարավորությունն է, որով Տեր-Պետրոսյանը ոչ թե ուզում է կայունացնել քաղաքական իրավիճակը երկրում, այլ փրկել անկում ապրող իր շարժման հեղինակությունը։ Ինչեւէ, Տեր-Պետրոսյանին պետք է, որ ԵԽԽՎ-ի հունիսյան նստաշրջանում Հայաստանը զրկվի ոչ միայն ձայնի իրավունքից, այլեւ դրվի այդ կառույցում մեր երկրի անդամության հարցը։ Իսկ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դա ցանկանո՞ւմ է. ահա թե ինչի մասին պետք է մտածեն նաեւ եվրոպական կառույցները»։

ՀՀՇ-ական Արամ Մանուկյանը «Հայք» թերթում այսպես է վերհիշում Ազատության հրապարակում փետրվարին կայացած հանրահավաքների տասնօրյակը. - «Ազատության ոգին, Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ վստահությունը, իշխանությունների նկատմամբ ատելությունը աճում էր երկրաչափական պրոգրեսիայով: Շարժման եւ տասնօրյակի առաձնահատկություններից է երիտասարդության լայն ընդգրկվածությունը: Ջահելությունը, տեսնելով ու լսելով Տեր-Պետրոսյանին, որոշեց ոտքի կանգնել, որովհետեւ տեսավ այն մարդուն, որը համարձակ կարող է փակել ամենաթողության, «բեսպրեդելի» ճանապարհը, պատժել երկիրը կործանողներին եւ այն բերել ժողովրդավարության եւ ազատության ուղի… Ազատության հրապարակը թթխմորի նման ընդարձակվում էր ու ընդարձակվում` դառնալով բոլոր ազատ մարդկանց հավաքատեղին: Այն դարձավ ազատ եւ ազատագրվող քաղաքացիների հավաքատեղի, նվիրյալներին ու համարձակներին սկսեցին միանալ տատանվողները, հետո պասիվները, հետո անտարբերները, հետո վախեցածները, , իսկ 26-ին, երբ Սերժը դարձավ առանց զինվոր գեներալ, շարժումը հասավ իր գագաթնակետին, ու միացան նաեւ «հակառակորդները», եւ պատկերվեց այն իրական վիճակը, ինչը համապատասխանում էր հայաստանցիների ճշգրիտ հոգեվիճակին ու քաղաքական հարաբերակցությանը»:

«Ամբողջ Եվրոպայում, որին այդքան ձգտում են ցուցադրվել ընդդիմության ցույցահացադուլային հատվածի ներկայացուցիչները, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները չափազանց կարեւոր միջոցառումներ են քաղաքական ուժերի համար», - գրում է «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը: - «Մինչդեռ մեր ընդիմության համար գերադասելին չորս կամ հինգ տարին մեկ հրապարակ իջնելը ու նախապես հաղթող ինքնահռչակվելով` պարտված հեռանալն է: Ինչին հետեւում է «ցեխ շպրտելու» օրակարգային միջոցառումների շարքը` առավելապես ապօրինի ցույցեր, ցուցադրական հացադուլներ, անկարգությունների միտված սադրանքներ եւ այլն… Օրերս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հերթական փուլն էր, եւ Երեւանի չորս համայնքներում թաղապետեր ընտրվեցին, ընդ որում` երեքում առաջադրվել էին մեկական թեկնածուներ: Ընդդիմության, տվյալ դեպքում ցույցահացադուլային ընդդիմության կողմից որեւէ թեկնածու այս անգամ եւս չկար»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG