Մատչելիության հղումներ

Մոդ դե Բյոր-Բուքիքիո. «Նկատելի է ԵԽԽՎ-ի բանաձեւի իրականացման համար քայլեր կատարելու պատրաստակամությունը»


Հայաստանի իշխանությունների կողմից նկատելի է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի իրականացման համար անհրաժեշտ լրացուցիչ քայլեր կատարելու պատրաստակամությունը: Այդ մասին ասաց Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բյոր-Բուքիքիոն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Միեւնույն ժամանակ, դեռ անելիքներ կան, մասնավորապես` ես կալանավորների ազատ արձակման վերաբերյալ լուրերի եմ սպասում», - նշեց նա:

Մոդ դե Բյոր-Բուքիքիոն հայտնեց, որ Հայաստանի իշխանությունների, երկրի առաջին նախագահ, նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նաեւ հետընտրական իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվածների կանանց հետ երեկ կայացած քննարկումներից «բավական հավասարակշռված» պատկերացում է ստացել Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Քաղբանտարկյալների առկայության մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալը պատասխանեց. - «Իմ դիրքորոշումը հետեւյալն է. բանտարկյալները պետք է ազատ արձակվեն, ինչը հնարավոր է Հայաստանի օրենսդրության շրջանակներում, եւ ես սպասում եմ լավ լուրերի: Ինձ համար այն հանգամանքը, որ այդ մարդկանց ներկայացվել են քրեական մեղադրանքներ, նրանց ազատ արձակելու համար խոչընդոտ լինել չի կարող»:

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ի բանաձեւում ամրագրված մյուս առաջարկությանը` «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի վերանայմանը, ապա, ինչպես նշեց Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալը, օրենքը ներկայումս փոփոխվում է` հաշվի առնելով նաեւ եվրոպական համապատասխան կառույցների եզրակացությունները: «Այս իմաստով կարեւոր է, որ Վենետիկի հանձնաժողովը, մասնավորապես, առաջարկում է, որ օրենքի կիրառմանը հետեւելու իրավունքը տրվի օմբուդսմենին», - ընդգծեց Մոդ դե Բյոր-Բուքիքիոն:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG