Մատչելիության հղումներ

Թուրք քանդակագործը մտադիր է ստեղծել Հրանտ Դինքի հիշատակը հավերժացնող հուշարձան


Թուրք քանդակագործ Մեհմեդ Աքսոյը մտադիր է աղավնու քանդակ տեղադրել Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրատան առջեւ` այն վայրում, որտեղ անցյալ տարվա հունվարի 19-ին սպանվեց թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը:

Քանդակագործը, որին ոգեշնչել է Դինքի «Տագնապած աղավնին» վերնագրված հոդվածը, հայազգի լրագրողի հիշատակը հավերժացնող հուշարձան ստեղծելու իր մտահղացումը այսպես է բացատրել. - «Անցորդները կտեսնեն արձանը եւ դեմ-հանդիման կկանգնեն իրենց խղճին: Որովհետեւ մարդկային խիղճը գերագույն դատավորն է»:

«Թրքիշ դեյլի նյուս»-ի փոխանցմամբ` Աքսոյն իր ծրագիրն իրագործելի է համարում, վստահեցնելով, որ այն արժանացել է Ստամբուլի Շիշլի քաղաքամասի տեղական իշխանությունների հավանությանը, եւ որոշ ընթացակարգային խնդիրներ լուծելուց հետո արձանը կտեղադրվի: Մինչդեռ Շիշլիի վարչակազմի ներկայացուցիչը թուրքական լրատվամիջոցներին ասել է, թե իրենք որեւէ պաշտոնական դիմում չեն ստացել: Նա նշել է նաեւ, որ Աքսոյը չի կարող իրականացնել իր ծրագիրը, մինչեւ չստանա Ստամբուլի քաղաքապետարանի պաշտոնական թույլտվությունը:

Այդուհանդերձ, քանդակագործի մտահղացումը դրական գնահատականի է արժանանում ինչպես «Ակոս»-ի խմբագրակազմի, այնպես էլ մի շարք թուրք մտավորականների կողմից: Մասնավորապես, թուրք հրատարակիչ, Մարդու իրավունքների ասոցիացիայի նախագահ Ռագըպ Զարաքօլուն, նախաձեռնությունը որակելով կարեւոր քայլ, թուրքական լրատվամիջոցներին ասել է. - «Թող ոչ ոք չզրկվի կյանքից իր համոզմունքների համար, թող այլեւս ոչ ոք չդիպչի խաղաղ աղավնիներին»:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG