Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ընդդիմության ձայնը կլինի ավելի լսելի»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրը կարեւոր է համարել ընդդիմության իրավունքների օրենսդրորեն ամրագրումը եւ վստահություն է հայտնել, որ ենթադրվող փոփոխությունների արդյունքում «ընդդիմության ձայնը կլինի ավելի լսելի»:

Այս հայտարարությունը նա արել է երեկ հրավիրած խորհրդակցությունում, որին մասնակցել են Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ» բանաձեւում ամփոփված առաջարկությունների իրագործման համակարգման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամները:

Աշխատանքային խումբը նախագահին է ներկայացրել բանաձեւում ամրագրված դրույթների իրականացման ուղղությամբ առաջարկվող գործողությունները եւ դրանց իրականացման ժամանակացույցը: Քննարկմանը մասնակցել է նաեւ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ նախագահի մամլո ծառայության՝ Սերժ Սարգսյանն ասել է. - «Մեկ անգամ եւս ցանկանում եմ շեշտել, որ ԵԽԽՎ-ի բանաձեւում ամրագրված առաջարկությունները համահունչ են ինչպես իմ նախընտրական ծրագրին, այնպես էլ ձեւավորված քաղաքական կոալիցիայի գործունեության ծրագրին ու հայտարարությունների ոգուն»:

Աշխատանքային խումբը Սերժ Սարգսյանին է ներկայացրել առաջարկություններ քաղաքական համակարգում ընդդիմության համար պատշաճ տեղ եւ պատշաճ իրավունքներ երաշխավորելու մասին բանաձեւի համապատասխան դրույթի իրականացման վերաբերյալ: Ներկայացված առաջարկությունները վերաբերում են խորհրդարանական հանձնաժողովների ղեկավար կազմում ընդդիմության ներառմանը, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմությանն առաջնայնություն տալու ամրագրմանը, ինչպես նաեւ խորհրդարանական ընդդիմության կողմից ներկայացված հրատապ հարցի շուրջ խորհրդարանական պարտադիր քննարկում կազմակերպելու երաշխավորմանը, որոնց ուղղությամբ պատրաստվում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Սերժ Սարգսյանը ողջունել է ներկայացված մոտեցումները եւ առաջարկել գործնական քայլեր սկսել այս ուղղությամբ: Նախագահը կարեւորել է ընդդիմության իրավունքների օրենսդրորեն ամրագրումը եւ վստահություն հայտնել, որ ենթադրվող փոփոխությունների արդյունքում «ընդդիմության ձայնը կլինի ավելի լսելի»:

Նախագահը տեղեկացվել է, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որին մասնակցելու հրավերներ ուղարկվել է բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում` արտախորհրդարանական ընդդիմությանը: Ներկայացվել է, որ նախապատրաստվում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթ, որը մինչեւ խորհրդարանի քննարկմանը ներկայացվելը կուղարկվի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը: Սերժ Սարգսյանը առաջարկել է նաեւ տեղական եւ միջազգային փորձագետների մասնակցությամբ Հայաստանում կազմակերպել ընտրական օրենսդրության եւ ընտրական գործընթացների բարելավմանը նվիրված լայն քննարկում, որից հետո միայն մշակված օրենսդրական փոփոխությունների փաթեթը կուղարկվի եվրոպական համապատասխան մարմինների փորձաքննությանը:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաեւ այն առաջարկությունները, որոնք վերաբերում են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի, ինչպես նաեւ հանրային հեռուստատեսության ազատությանը եւ հանրային հեռուստատեսության եթերում բազմակարծության ապահովմանը: Սերժ Սարգսյանը, ողջունելով ներկայացված առաջարկությունները, կարեւորել է բազմակարծությանն ուղղված քայլերի փաստացի կիրարկումը դեռ մինչեւ օրենսդրական փոփոխությունների կատարումը: Սերժ Սարգսյանը հանձնարարել է քննարկումներ սկսել նշված բարեփոխումների համատեքստում խորհրդարանական ընդդիմության ներգրավման վերաբերյալ:

Հավաքների ազատության երաշխավորման, «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի վերանայման վերաբերյալ աշխատանքային խումբը նախագահին զեկուցել է, որ արդեն մշակվել է օրենքի փոփոխությունների նախագիծ, վերջինի վերաբերյալ ստացվել են եվրոպական համապատասխան կառույցների եզրակացությունները, եւ նախագիծն առաջիկա օրերին կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:

Նախագահն առաջնահերթություն է համարել նաեւ դատական իշխանության մարմինների նկատմամբ հանրային վստահության բարձրացումը: Որպես խնդրի լուծմանն հասնելուն ոււղված միջոցառումներ նա կարեւորել է դատական համակարգում աշխատավարձերի բարձրացումը, կոռուպցիայի դեմ պայքարի ծավալների մեծացումը, դատավորների մասնագիտական կարողությունների մեծացմանն ուղղված քայլերը:

Անդրադառնալով մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավունքներին, նախագահն ասել է. - «Կարեւորն այն է, որ ղեկավարվենք քրեական օրենսդրությամբ, չկայացվեն քաղաքական որոշումներ: Մարդիկ, ովքեր քրեական հանցանք են գործել, պետք է պատժվեն: Ծանր հանցագործություն կատարած որեւէ մեկը չպետք է անպատիժ մնա: Սակայն մարդը մտքի, քաղաքական համոզմունքների համար չպետք է դատապարտվի»:

Խոսելով իշխանությունների եւ ընդդիմության միջեւ հնարավոր երկխոսության մասին, Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել. - «Երկխոսությունը կարող է լինել Հանրային խորհրդի ստեղծմամբ, որն իր մեջ կներառի հանրության տարբեր շերտերի, խավերի ներկայացուցիչներ: Մենք պետք է կարողանանք գտնել ձեւը, որ այս խորհուրդը դառնա առաջարկների, գաղափարների գեներացման տեղ, որ այն չդառնա իշխանության քայլերին հավանություն տվող մի մարմին»: Նախատեսվում է, որ Հանրային խորհրդում ներկայացված կլինեն ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ:

«Մենք երկխոսության կողմնակից ենք եւ ցանկանում ենք երկխոսության ճանապարհով լուծել խնդիրները: Երկխոսությունը գործընթաց է, որը պահանջում է երկու կողմերի ցանկությունը», - ավելացրել է Սերժ Սարգսյանը:

Նրա կարգադրությամբ շուտով ստեղծվելու է հատուկ աշխատանքային խումբ` Հանրային խորհրդի կազմավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար:

Նախատեսվում է ստեղծել խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով՝ մարտի 1-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրելու համար: Սերժ Սարգսյանը գտնում է, որ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներում խորհրդակցական ձայնի իրավունքով պետք է ներգրավվեն արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաեւ տեղական ու միջազգային փորձագետները:

«Կարեւոր է, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը չմտնի հարուցված քրեական գործի մեջ, այլ փորձի քաղաքական գնահատականներ տալ եւ ներկայացնել առաջարկություններ», - նշել է Սերժ Սարգսյանը:

Խորհրդակցության ընթացքում ելույթ է ունեցել նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Անդրադառնալով աշխատանքային խմբի կողմից ներկայացված առաջարկություններին` Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ իր լռությունը «չի նշանակում համաձայնություն ներկայացված բոլոր առաջարկների հետ»: Նա տեղեկացրել է, որ իր ղեկավարած խմբակցության կողմից եւս մշակվել է ԵԽԽՎ-ի բանաձեւի իրականացմանն ուղղված առաջարկությունների փաթեթ:

Շնորհակալություն հայտնելով խորհրդակցությանը մասնակցելու հրավերի համար, Րաֆֆի Հովհաննիսյանը «հետայսու համագործակցության» պատրաստակամություն է հայտնել: Իշխանությունների նախաձեռնած քայլերը նա անվանել է «բարի, դրական գործ»: Րաֆֆի Հովհաննիսյանը կարեւոր է համարել «առկա հուզական պահից վերանալը եւ Հայաստանի Հանրապետության, նախագահի եւ նրա ներկայացուցիչների միջազգային համարման, համաշխարհային ընկալման ուղղությամբ միասնական քայլերի ձեռնարկումը»:

Սերժ Սարգսյանը նշել է, որ աշխատանքային խմբի կողմից մշակված առաջարկությունները դոգմա չեն, եւ «Ժառանգություն» խմբակցության առաջարկությունները կարող են քննարկման առարկա լինել:

«Մեր այսօրվա ասածը, ձեր ասածը երկխոսություն է: Ես այդպես եմ պատկերացնում երկխոսությունը: Սա է երկխոսությունը», - եզրափակել է նախագահը:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG