Մատչելիության հղումներ

Մասիսում բերման են ենթարկվել հացադուլ հայտարարած երկու անձ


Իրավապահները այսօր բերման են ենթարկել վաղ առավոտից Մասիսի կենտրոնական հրապարակում ի պաշտպանություն հետընտրական դեպքերի առնչությամբ 3 տարի ազատազրկման դատապարտված Հուսիկ Բաղդասարյանի հացադուլ սկսած Սամվել Գեւորգյանին եւ Կորյուն Թադեւոսյանին:

Դեռեւս մինչեւ բերման ենթարկվելը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սամվել Գեւորգյանը ասաց, որ իրենք պահանջում են «արդարություն» եւ «ազատություն բոլոր քաղբանտարկյալներին ու Հուսիկ Բաղդասարյանին»:

Մասիսի ոստիկանության պետի տեղակալ, մայոր Գուրգեն Բեգլարյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց հետեւյալը. - «Բայց ո՞վ է ասել, որ ինքը [Գեւորգյանը] հացադուլի մեջ է… Հացադուլ անելիս բաժնին [ոստիկանության] տեղյակ չե՞ն պահում»:

«Մենք տեղյակ չենք, նա հացադուլ է հայտարարել, թե ինչ», - շարունակեց Բեգլարյանը: - «Մեզանից պահանջել են, մենք էլ տարել ենք Գլխավոր դատախազություն: Իրեն ծանուցագիր է տրվել ու [նա] ուղարկվել է դատախազություն: Մարտի 1-ի դեպքերով ցուցմունքներով անցել է [Գեւորգյանը], երեք անգամ նախկինում նրան տարել են, լսել են»:

Ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ, որ Կորյուն Թադեւոսյանը, դատախազությունում հարցաքննվելուց հետո, վերադարձել է տուն: Տուն է վերադարձել նաեւ Սամվել Գեւորգյանը:

Օրվա երկրորդ կեսին Թադեւոսյանը եւ Գեւորգյանը հայտարարել են, որ մտադիր են շարունակել հացադուլը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG