Մատչելիության հղումներ

Երեկ Երեւանի Նորք-Մարաշ, Դավիթաշեն, Ավան, եւ Մալաթիա-Սեբաստիա համայքներում տեղի ունեցան թաղապետի ընտրությունները: Չորս համայնքներից երեքում առաջադրված էր մեկական թեկնածու:

Նորք-Մարաշ համայնքում թաղապետի պաշտոնի համար պայքարում էին երեք թեկնածուներ` գործող թաղապետ, իշխող ՀՀԿ-ի անդամ Վարազդատ Մկրտչյանը, անկուսակցականներ Գառնիկ Մարտիրոսյանը եւ Աշոտ Մարգարյանը: Նախնական արդյունքներով այստեղ հաղթել է գործող թաղապետը` ստանալով 3072 քվե: Աշոտ Մարգարյանը եւ Գառնիկ Մարտիրոսյանը համապատասխանաբար ստացել են 212 եւ 49 ձայն:

Մնացած երեք համայնքներում թաղապետի պաշտոնի համար առաջադրվել էին մեկական թեկնածուներ: Դավիթաշենի գործող թաղապետը` ՀՀԿ-ի անդամ Սուրիկ Ղուկասյանը, իր թեկնածությունը չի առաջադել: Միակ թեկնածուն այդտեղ համայնքի նախկին թաղապետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Գեւորգյանի եղբորորդին` հանրապետական Արթուր Գեւորգյանն է: Ընտրություններին մասնակցել է քվեի իրավունք ունեցող 27785 քաղաքացիներից 15585-ը, Արթուր Գեւորգյանին կողմ քվեարկել են 15366-ը, դեմ` 123 ընտրող:

Ավանում թաղապետի առաջադրված միակ թեկնածուն գործող թաղապետ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին` Տարոն Մարգարյանն է: Այս համայնքում ընտրողների մասնակցությունը եղել է ամենաբարձրը` 54,1 տոկոս: Իսկ թեկնածուի օգտին այստեղ քվեարկել է ընտրությանը մասնակցածների 99,5 տոկոսը. 18578 կողմ, 108 դեմ:

Մալաթիա-Սեբաստիայի գործող թաղապետ Աղվան Գրիգորյանը չի առաջադրվել: Միակ թեկնածուն այս համայնքում թաղապետարանի առեւտրի եւ սպասարկման բաժնի պետ, ՀՀԿ-ի անդամ Դավիթ Օհանյանն է: Ընտրողների ակտիվությունը այստեղ ամենացածրն է եղել: Մոտ 32 տոկոս մասնակցության պայմաններում Դավիթ Օհանյանի օգտին է քվեարկել 29914 ընտրող, դեմ` 471:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հնարավոր դիմում-բողոքները ընդունելու են այսօր մինչեւ ժամը 14-ը: Ընտրությունների վերջնական արդյունքները պետք է հրապարակվեն են 5-օրյա ժամկետում:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG