Մատչելիության հղումներ

Եվրոպացի դիվանագետները մտահոգություն են հայտնում նախընտրական Վրաստանում արձանագրված որոշ դեպքերի կապակցությամբ


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ երկրների` Վրաստանում հավատարմագրված դեսպանները մտահոգություն են հայտնել գալիք չորեքշաբթի երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական իրավիճակում արձանագրված մի շարք դեպքերի կապակցությամբ:

ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի ղեկավարությամբ գործող դիվանագետների խումբը, որը ձեւավորվել է նախընտրական գործընթացները դիտարկելու համար, անհանգստացած է հատկապես քարոզարշավի ժամանակ «ընտրողներին ահաբեկելու եւ բռնությունների սպառնալիքների» վերաբերյալ ստացվող տեղեկություններով:

Վրաստանի իշխանություններին եւ ԿԸՀ-ին ուղղված հայտարարության մեջ նրանք կոչ են արել քայլեր ձեռնարկել, որպեսզի «քաղաքացիները կարողանան ազատ եւ խաղաղ պայմաններում իրականացնել իրենց ընտրելու իրավունքը»:

Դիվանագետները հիմնվել են նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (ժողորդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակ) դիտորդական առաքելության` ուրբաթ օրը հրապարակած երկրորդ միջանկյալ զեկույցում մատնանշված փաստերի վրա. - «Առաքելությունը ստացել է բազմաթիվ ահազանգեր, որ ընտրողներին սպառնում, վախեցնում են կամ պահանջում են ձայներ հավաքել իշխող կուսակցության օգտին»:

Դիտորդներն արձանագրել են նաեւ դեպքեր, երբ նախնական կալանքի տակ գտնվողների հարազատներին որպես կալանավորներին ազատ արձակելու նախապայման առաջարկվել է իշխող կուսակցության օգտին 100-ից ավելի ձայներ հավաքել:

«Ահազանգեր կան նաեւ քարոզարշավում պետական պաշտոնյաների ապօրինի մասնակցության, իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսը չարաշահելու, գյուղատնտեսության բնագավառի պետական ծրագրերը իրենց քարոզարշավի նպատակով օգտագործելու վերաբերյալ», - արձանագրել են դիտորդները` ընդգծելով, որ այդ փաստերից շատերը հաստատվել են:

Զեկույցում նշված է նաեւ, որ ընդդիմությունը դժգոհում է ընտրական ցուցակի անճշտություններից եւ կասկածի տակ է առնում ԿԸՀ-ի նախագահ Lեւան Թարխնիշվիլիի գլխավորությամբ անցկացվելիք ընտրությունների թափանցիկությունը. - «Ընտրական հանձնաժողովները եւ դատական մարմինները համապատասխան կարգով չեն ուսումնասիրել այն դիտողութունները, որոնք ներկայացվել են իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության եւ պետական պաշտոնյաների դեմ: Երբեմն նրանք հրաժարվել են ծանոթանալ փաստական նյութերի հետ»:

Երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, մինչդեռ, հայտարարում է, որ իր հիմնական նպատակը երկրում «ազատ, արդար եւ թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է»:

Մայիսի 21-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 9 կուսակցություն եւ երեք դաշինք: Համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով խորհրդարան կանցնեն 150 պատգամավորներ:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG