Մատչելիության հղումներ

logo-print

Ալեքսան Կարապետյան. «Ընդդիմությունը մենք ենք»


«Մենք համարում ենք` ընդդիմությունը մենք ենք», - շաբաթ օրը հայտարարեց «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը` անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ եւ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերին, որոնք իրենց արմատական ընդդիմություն են անվանում:

«Այն մարդն է ընդդիմություն, այն կուսակցությունը, այն լիդերը, որը մտածում է ժողովրդի ապագայի, բարեկեցության եւ պետականության կայացման համար: Իսկ այն մարդը, ով աշխատում է, որ հայ պետականությունը խարխլվի, մենք գնանք մեր եղբայրների, քույրերի դեմ, իրար դեմ կռիվ անենք` ես դա չեմ համարում ընդդիմություն», - ասաց նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Եթե ընդդիմությունը դուք եք, այդ դեպքում Տեր-Պետրոսյանին աջակցող ուժերի՞ն ինչպես կկոչեք», - այս հարցին «Ազգային միաբանության» փոխնախագահը պատասխանեց. - «Եթե մարդու նպատակը միայն խառնակչությունն է` խառնակիչ: Այդ մարդու հիմնական խնդիր ոչ թե ժողովրդի ապագայի հետ կապված հարցերն են, այլ` խառնել իրավիճակը, որպեսզի կարողանա դեստաբիլիզացիա մտցնել, եւ ոչ թե ներքին պահանջով, այլ դրսի ուժերի համապատասխան պահանջով եւ ֆինանսավորմամբ»:

Տեր-Պետրոսյանի մասին էլ Ալեքսան Կարապետյանը հայտարարեց. - «Հիմնական միտքը` վերջիվերջո այս հանրապետությունից գնալն է, եւ հիմնական նրա միտքը եղել է` ապակայունացնել, ընդդիմադիր դաշտը վերջնականապես վերացնել, որ ասեն` կան իշխանություններ եւ մեկ էլ Լեւոն Տեր-Պետրոսյան, ուրիշ ոչ մեկը չկա»:

Կարապետյանն ընթերցեց «Ազգային միաբանության» հայտարարությունը, որտեղ ասված է, թե կուսակցությունն անհանգստացած է հետընտրական զարգացումներով: Նա ասաց, թե իրենք տերպետրոսյանական թեւի եւ իշխանության միջեւ նոր առճակատում են տեսնում, չի կարելի բացառել նաեւ արյունալի հետեւանքները:

«Ո՞վ է մեղավոր մարտի 1-ի համար», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին «Ազգային միաբանության» փոխնախագահը արձագանքեց. - «Ով դրանից օգտվեց` նա էլ մեղավոր էր: Ո՞վ օգտվեց այդ իրավիճակից` ով որ կարողացավ իր դեստաբիլիզացիոն պրոցեսը երկարացնել: Եվ եթե մարտի 1-ը չլիներ, այդ պրոցեսը մի երկու ամիս առաջ արդեն հանգած կլիներ, եւ ընդունելով իշխանության լեգիտիմությունը` կշարունակեր երկիրը իր ճանապարհով գնալ»:

Կարապետյանը հաստատեց, որ «Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը ունեցել է շփումներ ներկայիս իշխանությունների հետ. - «Շփումներ եղել են, ծրագրային առաջարկություններ եղել են, հանդիպումներ էլ են եղել, եւ առաջարկություն է եղել, որ մեր ծրագրի հետ կապված որոշ այն մասերը, որոնք կարող են իրոք ընդունելի լինել, կատարվեն: Եվ մենք պատրաստակամություն ենք հայտնել օգնել` բարոյապես, պրոպագանդելով, որպեսզի այդ ծրագրերը, որոնք ընդունելի կլինեն, կատարվեն»:

«Ազգային միաբանություն»-ը պատրաստ է նաեւ համագործակցել իշխանությունների հետ: «Պատրաստ ենք համագործակցելու երկրի ստաբիլության եւ երկրի ապագա տնտեսական եւ այս քաղաքական վիճակը կայունացնելու համար: Առանց որեւէ պայմանավորվածության, առանց որեւէ ակնկալիքների», - վստահեցրեց կուսակցության փոխնախագահը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG