Մատչելիության հղումներ

logo-print

Առգրավվել է «Նոր ժամանակներ» կուսակցության` հացադուլ հայտարարած ղեկավար անդամի վրանը


Ուրբաթ առավոտյան ոստիկանները առգրավել են նախորդ օրվանից հացադուլ սկսած «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար անդամ Հրաչյա Սարգսյանի վրանը:

Ընդդիմադիր կուսակցության ղեկավար ներկայացուցիչը երեկ իր վրանը տեղադրել էր Հայաստանի գլխավոր դատախազության շենքի դիմաց: Նա պահանջում է, որպեսզի արդեն երրորդ ամիսը ազատազրկման մեջ գտնվող «Նոր ժամանակներ»-ի առաջնորդ Արամ Կարապետյանը հետազոտվի անկախ բժիշկների կողմից եւ ազատ արձակվի:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հրաչյա Սարգսյանը, իրեն բռնությամբ դուրս են գցել, ապա տարել վրանը, որում եղել են իր անձնական իրերը:

«Վրանը քաշքշելով պատռել են... Ինձ հարվածներ հասել են... ոստիկանները, ոնց որ սպեցնազ էլ էր` համազգեստով մարդիկ էին», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Սարգսյանը:

Դատախազության շենքի դիմաց գտնվող այգում` նույն տեղում, որտեղից տարել էին Հրաչյա Սարգսյանի վրանը, մի խումբ կանայք պարզել էին Արամ Կարապետյանի լուսանկարներով ցուցապաստառներ եւ բողոքում էին, որ Կարապետյանին ազատ արձակելու պահանջով հացադուլ հայտարարած Սարգսյանին զրկել են վրանից:

«Ինչո՞ւ են վախենում վրանից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ցուցարարներից «Նոր ժամանակներ» կուսակցության անդամ Մարինե Աթայանը: - «Քաշքշեցին բոլոր կանանց, հայհոյանքներով վրանը տարան: Մենք բոլորս պահանջում ենք բժշկական օգնություն տրամադրել Արամ Կարապետյանին եւ փոխել նրա խափանման միջոցը»:

Հրաչյա Սարգսյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ շարունակելու է հացադուլը, քանի որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող Արամ Կարապետյանի առողջական վիճակը «տագնապալից է»:

Սրտաբան Արմեն Գասպարյանը, ով հինգշաբթի օրը ասուլիս էր հրավիրել եւ տեղեկացրել, որ Արամ Կարապետյանին հարկավոր է «շտապ տեղափոխել սրտաբանական կենտրոն», երեկ լրագրողներին ասաց, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրենն իրեն տեղեկացրել է, որ ինքն այլեւս «Էրեբունի» բժշկական կենտրոն «մտնելու իրավունք չունի»:

«Այսօր առավոտյան գլխավոր տնօրենը [Արթուր Ռոստոմյանը] ինձ կանչեց իր մոտ եւ ասաց, որ էլ «Էրեբունի» բժշկական կենտրոն չմտնեմ», - ասաց Գասպարյանը:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG