Մատչելիության հղումներ

Բին Լադենը սպառնում է Իսրայելին


Իսլամական մի շարք կազմակերպությունների ինտերնետային կայքէջերում տեղադրվել է Ալ-Ղաիդայի առաջնորդ Oսամա Բին Լադենին վերագրվող ուղերձը, որով մոլորակի թիվ մեկ ահաբեկիչը դատապարտել է Արեւմուտքի պետական գործիչներին Իսրայելի հիմնադրման 60-ամյակի տոնակատարություններին մասնակցելու համար:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ ձայնագրված ուղերձում Բին Լադենը աշխարհի մահմեդականների անունից հավաստիացնում է, որ նրանք Պաղեստինում ոչ մի թիզ հող չեն զիջի:

«Հրեաների հետ միասին Արեւմուտքի լիդերների մասնակցությունն այդ արարողություններին ապացուցում է, որ Արեւմուտքը սատարում է հրեաների կողմից մեր հողերի գրավումը, նրանք մեր դեմ են՝ հրեանների հետ նույն խրամատում», - հայտարարել է Ալ-Ղաիդայի ղեկավարն իր ինտերնետային ուղերձում եւ հավելել. - «Մենք շարունակելու ենք մեր պայքարն Իսրայելի եւ նրա դաշնակիցների դեմ, Աստծո կամոք մենք ոչ մի թիզ հող չենք զիջի, քանի դեռ աշխարհում կլինի գոնե մեկ ազնիվ մահմեդական»:

Արեւմտյան լրատվական գործակալությունները նշում են, որ սա այս տարվա ընթացքում Ինտերնետում հայտնված եւ Բին Լադենին վերագրվող արդեն երրորդ ուղերձն է: Մասնագետները տակավին չեն հաստատել, թե արդյո՞ք այս վերջինում հնչող ձայնը պատկանում է Ալ-Ղաիդայի առաջնորդին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG