Մատչելիության հղումներ

Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը չորեքշաբթի օրը օրինագիծ է ներկայացրել, որում Միացյալ Նահանգների նախագահին եւ պետքարտուղարին կոչ է արվում հորդորել Թուրքիային` վերացնել Հայաստանի նկատմամբ արդեն ավելի քան մեկուկես տասնամյակ կիրառվող շրջափակումը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ` «Վերջ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը» վերնագրված նախագծում, մասնավորապես, ասված է, որ «Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ շարունակվող շրջափակումը չի նպաստում տարածաշրջանային անվտանգությանը եւ բարգավաճմանը, դրանով իսկ վտանգելով Միացյալ Նահանգների կարճաժամկետ եւ երկարաժամկետ քաղաքականության նպատակները»:

«Պետդեպարտամենտի գնահատմամբ, շրջափակումը ավելացնում է Հայաստանի կողմից փոխադրումների ծախսերը 30-35 տոկոսով` խեղդելով նրա առեւտուրը եւ տնտեսությունը», - նշված է բանաձեւի նախագծում:

Բացի Հայաստանի շրջափակումը անհապաղ դադարեցնելու կոչից` օրինագծով նախատեսված է նաեւ, որպեսզի դրա ընդունումից հետո մեկամսյա ժամկետում պետքարտուղարը Կոնգրեսին զեկույց ներկայացնի այդ ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից ծրագրվող եւ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ:

Համանման օրինագիծ ներկայացվել էր նաեւ նախորդ գումարման Կոնգրեսում:

Ադամ Շիֆը Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի գլխավոր հովանավորներից է: Օրինագիծը անցած տարվա հոկտեմբերին արժանացել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանը, սակայն մինչ օրս Պալատի լիագումար նիստում քվեարկության չի դրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG