Մատչելիության հղումներ

logo-print

Գուրգեն Արսենյանը լավատես է իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսության հարցում


Ոստիկանությունը, զինված ուժերը, իրավապահ մարմիններն ընդհանրապես բարեգործական կառույցներ չեն` ուժային կառուցներ են, որոնց գործունեությունը կարող է բերել անդառնալի հետեւանքների, եւ դա միշտ պետք է հաշվի առնել: Այդ մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը:

«2004 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ մենք անդառնալի հետեւանքներ չունեցանք, ինչին ականատես եղանք 2008 թվականի մարտի 1-ի գործողությունների արդյունքում. Հայաստանի Հանրապետության տասը քաղաքացիներ, փաստորեն, հեռացան հայ հասարակության կյանքից անդառնալիորեն», - ընդգծեց Արսենյանը:

Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավարը չցանկացավ դատավորի դերում հանդես գալ եւ խոսել մարտի 1-ի իրադարձությունների համար պատասխանատվության մասին, քաղբանտարկյալների վերաբերյալ հարցին էլ արձագանքեց. - «Քաղբանտարկյալ» հասկացողությունը Հայաստանի քրեական օրենսգրքով նախատեսված բան չէ, մենք չունենք այդպիսի բան` քաղաքական հայացքների համար հետապնդվող: Սակայն մենք ունենք փաստ` մարդկանց քաղաքական հայացքների փոփոխությունը բերել է նրան, որ այդ մարդիկ հայտնվել են հետապնդման մեջ»:

«Ես չեմ կարող պատկերացնել, որ, օրինակ, [Ազգային ժողովի նախկին փոխնախագահ] Կարապետ Ռուբինյանը խուլիգան է: Ես այդ մարդուն ճանաչում եմ, հարգում եմ, իր անցած ճանապարհն էլ եմ հարգում, այդ մարդը քաղաքական համոզմունքներ ունեցող մարդ է», - ընդգծեց Արսենյանը` եզրակացնելով. - «Այսինքն, մենք պետք է կարողանանք ձերբազատվել նաեւ մեր հասարակության մեջ տեղ գտած այդ երկակի ստանդարտներից` ամենավտանգավոր բանն է, բոլորի վրա է տարածվում»:

Այդուհանդերձ, Միավորված աշխատանքային կուսակցության առաջնորդը համոզմունք հայտնեց, թե իշխանություններին կհաջողվի կատարել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող թիվ 1609 բանաձեւի բոլոր պահանջները, եւ նաեւ կկայանա իշխանություն-արմատական ընդդիմություն երկխոսությունը:

Այն հանգամանքը, որ իր գլխավորած կուսակցությունը նախագահական ընտրությունների, այնուհետեւ մարտի 1-ի իրադարձությունների գնահատականով մինչ օրս հանդես չի եկել, Գուրգեն Արսենյանը այսպես բացատրեց. - «Միավորված աշխատանքային կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, դեռ մի քիչ էլ կերկարացնի այս «թայմ աութ»-ը, որովհետեւ իրադարձություններ են տեղի ունեցել, որտեղ հստակ կան կողմեր, շահագրգիռ կողմեր: Դա նաեւ, պետք է հասկանալ, որ իր մեջ պարունակում է հուզական էլեմենտներ»:

ՄԱԿ-ը, ըստ Արսենյանի, չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնողի» դերում հանդես գալ:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG