Մատչելիության հղումներ

Իսլամիստ զինյալները սպառնում են գրոհներ իրականացնել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ


«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` իսլամիստ զինյալների ինտերնետային կայքէջերում հայտնվել են սպառնալի բովանդակությամբ հաղորդագրություններ, որոնք կարող են վկայել հունիսի 7-ին Ավստրիայում եւ Շվեյցարիայում մեկնարկող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության օրերին ահաբեկչության վտանգի մասին:

Այդ կայքէջերից մեկում, մասնավորապես, այսպիսի հաղորդագրություն է տեղադրվել. - «Եկեք Եվրոպայի ամենաանվտանգ երկրները վերածենք հողի, ինչպես Իրաքում է եւ Աֆղանստանում»:

Շվեյցարիայի ոստիկանները հայտարարել են, որ այս պահին անմիջական սպառնալիք չկա, սակայն առաջնության ժամանակ պետք է չափազանց զգոն լինել:

«Իսլամիստ ահաբեկիչները ֆուտբոլի առաջնությունը թիրախ են համարում», - «Լա Լիբերտե» օրաթերթին ասել է Շվեյցարիայի դաշնային ոստիկանության խոսնակ 3որգ Բյուլերը եւ հավելել. - «Մենք ուշիուշով հետեւում ենք այդ զարգացումներին»:

Նա ասել է, որ նմանօրինակ սպառնալիքներ են հնչեցվել 2006 թվականին Գերմանիայում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին, մասնավորապես, ծրագրվել են հարձակումներ երկաթուղու վրա, սակայն դրանք չեղյալ են հայտարարվել, քանի որ ահաբեկիչները համոզվել են, որ անվտանգությունն ամենաբարձր մակարդակով է ապահովված:

ՈՒԵՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաները վերջերս հայտնել են, որ 2004 թվականին Պորտուգալիայում կայացած ֆուտբոլի Եվրոպայի առաջնության նախօրեին իրավապահների կողմից ձերբակալվել են մի խումբ մարդիկ, ովքեր կապեր են ունեցել իսլամիստ արմատական շրջանակների հետ: Այդ ձերբակալությունների մասին նախկինում որեւէ տեղեկություն չի հրապարակվել:

Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ «տվյալ պահին սպառնալիքներ չկան ոչ Շվեյցարիայում եւ ոչ էլ Ավստրիայում»:

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի խորհրդական Ուիլյամ Ջելարդը «Ֆրանսպրես»-ին փոխանցել է, որ «պատկան կառույցներն այս օրերին շատ լուրջ աշխատանք են տանում ահաբեկչության սպառնալիքները ամբողջության վերացնելու համար»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG