Մատչելիության հղումներ

logo-print

Ցույց՝ ի պաշտպանություն Թեղուտի


Թեղուտի պաշտպանության խմբին միացել է նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը. - «Մեր կառավարությունը մշտապես ունեցել է հնարավորություն` իրականացնել ծրագրեր, կնքել գործարքներ, որովհետեւ չի եղել հասարակական վերահսկողություն ու ամեն ինչ կառավարության համար հնարավոր է եղել, բայց այս անգամ մենք թույլ չենք տալու, եւ Թեղուտը չի շահագործվելու»:

Զարուհի Փոստանջյանը ավելացրեց. - «Մենք գտնում ենք, որ այդ ստրատեգիական նշանակություն ունեցող հանքավայրը այս պահին, այն էլ բաց եղանակով շահագործման հանձնել մի ընկերության, որի բաժնետոմսերի 81% հայտնի է չէ, թե ում է պատկանում, անթույլատրելի է»:

Այսօրվա ակցիային մասնակցում էր նաեւ Շնող գյուղի բնակիչ Վարշամ Ավետյանը: Նա ասաց, որ Թեղուտի անտառին հարակից Շնող եւ Թեղուտ գյուղերի բնակիչները նույնպես դեմ են հանքի շահագործմանը: «Շնող եւ Թեղուտ գյուղերի բնակչությունը մոտ 4500 է: Եթե հանքավայրը շահագործվի, այնտեղ կաշխատի ամենաշատը 300 մարդ: Իսկ մնացած ընտանիքները ինչո՞վ պիտի ապրեն, գյուղատնտեսությամբ ու հողագործությամբ այլեւս չեն կարողանա զբաղվել, որովհետեւ թունավոր նյութերը կաղտոտեն միջավայրը», - ասաց Վարշամ Ավետյանը:

Թեղուտի պաշտպանության խումբը վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմել է նամակով` պահանջելով դադարեցնել հանքավայրի տարածքում սկսված աշխատանքները եւ վերանայել որոշումները:

Նամակը հանձնվել է կառավարության տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության պետ Խաչատուր Վարդանյանին, ով խոստացել է առաջիկայում տալ որոշակի պատասխան:


Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG