Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Սեյրան Մկրտումյանի նկատմամբ կայացված դատավճիռը


Այսօր Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Մկրտումյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:

Վճռաբեկ դատարանի մամլո քարտուղար Ալինա Ենգոյանի փոխանցմամբ` ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 17-ի վճռով Մկրտումյանը մեղավոր էր ճանաչվել Քրեական օրենսգրքի 150 հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ` «ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը»:

Սեյրան Մկրտումյանի դեմ քրեական գործը հարուցվել էր թիվ 13 ընտրատարածքի թիվ 10 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ: Համաձայն գլխավոր դատախազության` ավելի վաղ տարածած հաղորդագրության, գործի նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ փետրվարի 23-ին թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Հայաստանի նախագահի թեկնածուների վստահված անձանց, լրատվամիջոցների ներկայացուցիչների, միջազգային դիտորդի, ինչպես նաեւ թիվ 13/10 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ կատարված քվեարկության արդյունքների վերահաշվարկի ընթացքում Սերժ Սարգսյանի օգտին քվեարկված քվեաթերթիկների ծրարում հայտնաբերվել է Լեւոն Տեր-Պետրոսյանին կողմ քվեարկված 151 քվեաթերթիկ: Սեյրան Մկրտումյանը, արձանագրված անճշտությունը թաքցնելու նպատակով, կեղծել է վերահաշվարկի արդյունքները՝ հանձնաժողովի անդամներից եւ դիտորդներից թաքցրել է Տեր-Պետրոսյանին կողմ քվեարկված 146 քվեաթերթիկների պարունակությամբ ծրարը, իսկ վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ արձանագրությունը հաստատել է՝ չմտցնելով թաքցրած ծրարում առկա 146 քվեաթերթիկների վերաբերյալ տվյալները:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG