Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում 5 ազատամարտիկներ դադարեցրին հացադուլը


Շիրակի մարզում հացադուլ հայտարարած ազատամարտիկներից 5-ը` առաջին եւ երկրորդ խմբերի հաշմանդամներ, բժիշկների եւ մարտական ընկերների հորդորներով դադարեցրել են հացադուլը` առողջական վիճակի վատթարացման պատճառով:

Ներկայումս մարզում 13 հացադուլավոր կա, որոնց պահանջն է` ազատ արձակել, իրենց բնորոշմամբ, «քաղաքական բանտարկյալներին»:

Մայիսի 9-ին Ձորակապ գյուղում հացադուլ սկսած Սեւակ Սաղաթելյանին եւ Ռոման Փիլոյանին երկրորդ օրն է, ինչ փոխարինել են համագյուղացիներ Մանվել Հակոբյանը եւ Սիմոն Բաղդասարյանը:

Մարալիկում մայիսի 11-ից հացադուլ են հայտարարել ընտրական գործընթացը խանգարելու եւ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով 7 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Ուռուտյանի որդիները` Բաբկեն եւ Գալուստ Ուռուտյանները, եւ հարազատներից Կարապետ Լոռեցյանը: Վերջինիս երեկ փոխարինել է որդին` Արմեն Լոռեցյանը:

Այսօր համաժողովրդական շարժման կենտրոնի անդամներ Մանուշակ Պետրոսյանը եւ Երջանիկ Աբգարյանը այցելել են հացադուլավորներին եւ ողջունել են Ձորակապում ու Մարալիկում սկիզբ առած` հացադուլավորների փոխարինման գաղափարը, նշելով, որ կարեւոր է ոչ թե այն, թե քանի օր է մարդը հացադուլի նստում, այլ հացադուլի` բողոքի շարունակական ակցիա լինելը:

Պետրոսյանի եւ Աբգարյանի, ինչպես նաեւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող հոր` Հարություն Ուռուտյանի հորդորներով Բաբկեն Ուռուտյանը առաջիկա ժամերին կդադարեցնի հացադուլը:

Ձորակապցի եւ մարալիկցի հացադուլավորների առողջական վիճակը բավարար է:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG