Մատչելիության հղումներ

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի առողջական վիճակը վատացել է, եւ նա ստացիոնար բուժման կարիք ունի: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Կարապետյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը:

«Մայիսի 14-ին բժշկական կոնսիլիումի արդյունքներով Արամ Կարապետյանին ախտորոշվել է հիպերտոնիկ հիվանդություն` ճնշումը մինչեւ 180-120, արյան մեջ շաքարի բաղադրության ավելացում, սրտի հետեւի պատը ավելի հաստացած է: Այդ ամենը պայմանավորված է արեւի պակասությամբ, թթվածնի պակասությամբ», - ասաց փաստաբանը` վստահեցնելով. - «Անպայման կորոնար հետազոտման խնդիր կա` ընդ որում, բժիշկների հետազոտման արդյունքներով, անմիջապես, անհապաղ հետազոտման խնդիր ունի»:

Այն հարցին, թե արդյոք բժիշկները այցելո՞ւմ են Կարապետյանին, Բաղդասարյանը պատասխանեց. - «Որպես կանոն` այո, բայց բժիշկների վերահսկողությունը ճնշումը կարող է իջեցնել մինչեւ 140-100, բայց ոչ ավելին: Այսինքն` ստացիոնար բուժման խնդիրը կա, ուզում եմ իր բառերով ասեմ, ասում է` «գնամ մի երկու շաբաթ պառկեմ, էլի կգամ կնստեմ»: Այսինքն` այստեղ լուրջ հետազոտման խնդիր ունի: Իրականում խնդիրը շատ ավելի լուրջ է, քան այսօր դատախազությունն է պատկերացնում»:

Այսօր կայացած ասուլիսում բժիշկ-սրտաբան, դոցենտ Արմեն Գասպարյանը Արամ Կարապետյանի վիճակը գնահատեց բավական մտահոգիչ` չբացառելով ինֆարկտի կամ ինսուլտի հնարավորությունը: Բժշկի փոխանցմամբ` վերջին մի քանի շաբաթների ընթացքում Կարապետյանը մոտ 7 կիլոգրամ քաշ է կորցրել: Նա պարբերաբար ճնշման կտրուկ բարձրացում է ունենում, վերջին օրերին ճնշման կարգավորում չի նկատվում, ինչը, ըստ սրտաբանի, շատ վտանգավոր է:

Բժշկի հավաստմամբ, հաշվի առնելով Արամ Կարապետյանի առողջական վիճակը` պետք է անհապաղ իրականացանել մասնագիտացված բժշկական հետազոտություն եւ բուժում. - «Դա պետք է իրականացնել անհապաղ, րոպե անգամ շուտ պետք է բոլորը կազմակերպվի: Հապաղումը շատ վտանգավոր է: Նա պետք է տեղափոխվի մասնագիտացված սրտաբանական կենտրոն, հակառակ դեպքում մենք կունենանք սրտանոթային մահացություն: Դա իր մեջ ներառում է սրտամկանի ինֆարկտը, որը կարող է բերել մահացու ելքի, եւ գլխուղեղային անոթների պատռվածքի հետեւանքով արյունահոսական ինսուլտը, որոնք կարող են մահվան բերել»:

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ վարչության բժշկական ծառայությունը համաձայն չէ սրտաբան Արմեն Գասպարյանի հայտնած կարծիքին, թե Արամ Կարապետյանը պետք է տեղափոխվի սրտաբանական կենտրոն: Քանի որ բժիշկների կարծիքների միջեւ հակասություն կա, այսօր ստեղծվել է հատուկ հանձնաժողով` կազմված ինչպես քրեակատարողական վարչության մասնագետներից, այնպես էլ դրսից հրավիրված բժիշկներից:

Ըստ Բաբայանի, հանձնաժողովի մասնագետները արդեն զննում են Արամ Կարապետյանին, ինչից հետո կներկայացնեն իրենց եզրակացությունը, թե արդյոք նրան հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն կա:

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը երեկ գլխավոր դատախազություն միջնորդություն է ներկայացրել` գոնե առողջական վիճակի հետ կապված Արամ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար:

Փաստաբանի պնդմամբ` եթե դատախազությունը հաշվի չառնի իր պաշտպանյալի առողջական վիճակը, «ապա կնշանակի, որ իսկապես այդ մարմինը իր առջեւ դրել է անձին պատժելու խնդիր»:

«Նոր ժամանակներ»-ի ղեկավարը փետրվարի 24-ից գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Նա մեղադրվում է սուտ մատնության հոդվածով, որում իրեն մեղավոր չի ճանաչում:

Փետրվարի սկզբին Կարապետյանը տեսաերիզներ է հրապարակել, որտեղ հարց է տալիս, թե արդյո՞ք 1999 թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որում քննարկվել է Մեղրիի հանձնման հարցը, եւ ովքե՞ր են մասնակցել այդ նիստին: Փաստաբանի խոսքերով` քրեական հետապնդում իրականացնող մարմինը փորձում է այդ հարցերի մեջ գտնել ուղղորդված ելույթ, որով Արամ Կարապետյանը փորձել է մեղադրել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին:

Բաղդասարյանը շեշտեց, որ նույնիսկ եթե հետապնդում իրականացնող մարմինը ենթատեքստ է հայտնաբերել, ապա, միեւնույն է, ենթատեքստով մեղադրանք չեն ներկայացնում:

Երեկոյան գլխավոր դատախազության շենքի առջեւ անժամկետ հացադուլ է սկսել «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչ Սարգսյանը. նա պահանջում է նախ Արամ Կարապետյանին անհապաղ տեղափոխել մասնագիտացված կենտրոն` բուժման նպատակով, ապա նաեւ փոխել կուսակցության ղեկավարի խափանման միջոցը եւ նրան ազատ արձակել:

Այդուհանդերձ, նախաքննական մարմինը այսօր արդեն մտել է դատարան` Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցով. եռամսյա կալանքի ժամկետը լրանում է մայիսի 24-ին:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG