Մատչելիության հղումներ

Լիբանանյան վերջին իրադարձություններից, որոնց արդյունքում փակվել է Սիրիայի հետ սահմանը, մեծապես տուժել են Այնճար հայկական բնակավայրի բնակիչները, որոնք չեն կարողանում արտահանել իրենց արտադրած ապրանքը:

«Եթե սահմանային անցակետը չբացվի, ես չեմ կարողանա Սաուդյան Արաբիա արտահանել իմ աճեցրած կաղամբը», - «Ռոյթերզ»-ին ասել է Այնճարի բնակիչ Սարգիս Մովսեսյանը:

Սուննի մահմեդականները Սիրիայի հետ սահմանը արգելափակել էին ի պատասխան «Հզբոլահ» կազմակերպության՝ Բեյրութում իրականացված գործողությունների, որոնց արդյունքում մի քանի տասնյակ մարդ է զոհվել:

Այնճարը գտնվում է Բեքաայի հովտում, որի ֆերմերների ընկերակցությունը հայտարարել է, թե սահմանի փակման պատճառով գյուղացիները չեն կարողացել արտահանել մոտ 1000 տոննա միրգ եւ բանջարեղեն:

Ներքաղաքական անորոշության պատճառով խիստ տուժել է նաեւ զբոսաշրջությունը, որն առաջ ծաղկում էր, քանզի Այնճարի մերձակայքում հնագույն պալատների ավերակներ կան: «Հարիրիի սպանությունից առաջ ամեն օր 2 հազար մարդ էր այցելում Այնճարի պատմական վայրերը: Վերջին շաբաթվա ընթացքում որեւէ մեկը պալատների ավերակները չի այցելել», - փաստել է Այնճարի բնակիչ Ասատուր Անդելյանը:

Այնճարը հիմնվել է ցեղասպանությունից հետո, երբ ֆրանսական նավերով այնտեղ տեղափոխվեցին 5 հազար մուսալեռցիներ: Այժմ Այնճարում բնակվում է 2400 հայ, գործում է երեք հայկական դպրոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG