Մատչելիության հղումներ

Հայաստանցիների երկու երրորդը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի իշխանությունների գործունեությանը


Հայաստանցիների գրեթե երկու երրորդը` 62 տոկոսը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի իշխանությունների գործունեությանը: Այդ են վկայում «Գելափ» հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները: Հայաստանի տարածքում հարցվածների միայն 30 տոկոսն է հավանություն տալիս ռուսաստանցի ղեկավարների որդեգրած քաղաքականությանը:

Հարցմանը մասնակցել են 138 պետությունների քաղաքացիներ: Դրա արդյունքները հրապարակվել են որպես Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնավարման առաջին իսկ օրերին:

Ռուսաստանի իշխանությունների վարկանիշը շատ ցածր է հետխորհրդային մեկ այլ պետությունում` Վրաստանում. այստեղ այն 22 տոկոս է:

Նախկին խորհրդային մյուս հանրապետություններում ռուսաստանյան իշխանությունների քաղաքականությունը բավական լուրջ, երբեմն` անվերապահ աջակցություն է վայելում:

Այսպես, Ադրբեջանի բնակիչների 66, ուկրաինացիների 53, Ղազախստանի քաղաքացիների 87 եւ Տաջիկստանի բնակիչների 92 տոկոսը միանշանակորեն դրական է գնահատում պաշտոնական Մոսկվայի քաղաքականությունը:

«Գելափ»-ի փորձագետները, սակայն, նշում են, որ ԱՊՀ-ի տարածքից դուրս Ռուսաստանի ղեկավարներին, նրանց գործունեությանն ավելի քննադատաբար են վերաբերվում:

Եվրամիության պետություններում ռուսաստանյան քաղաքականության մասին դրական է արտահայտվել հարցվածների 15, բացասաբար` 43 տոկոսը:

Ամերիկյան մայրցամաքում Ռուսաստանի առաջնորդներին դրական եւ բացասական գնահատողները կազմում են, համապատասխանաբար, 18 եւ 22 տոկոս:

Լատինական Ամերիկայում, Միացյալ Նահանգներում եւ Կանադայում հարցվածների կեսից ավելին դժվարացել է իր վերաբերմունքը հայտնել Ռուսաստանի ղեկավարների հանդեպ:

«Գելափ»-ի փորձագետները առանձնացնում են հետխորհրդային տարածքից դուրս գտնվող պետությունների այն խումբը, որտեղ վերաբերմունքը ռուսաստանյան քաղաքականության նկատմամբ հիմնականում դրական է: Այս խմբում են Սերբիան, Մակեդոնիան, Չերնոգորիան, Իրանն ու Lիբանանը:

Ռուսաստանյան առաջնորդներին տրված բացասական գնահատականների առումով «միանձնյա առաջատարը» Ֆրանսիան է. այստեղ Կրեմլի առաջնորդների գործունեությունը դրական է գնահատել հարցվածների միայն 6 տոկոսը:

Ռուսաստանի ղեկավարների նկատմամբ բացասական վերաբերմունքը գերակշռում է նաեւ Թուրքիայում, Ռումինիայում եւ Իսրայելում. այս երկրներում ռուսաստանյան ղեկավարության գործունեությունը դրական է գնահատել հարցվածների մոտ 20 տոկոսը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG