Մատչելիության հղումներ

Աշխատանքից ազատված դիվանագետների գործով վճիռը դատարանը կհրապարակի մայիսի 29-ին


Երեւանի վարչական դատարանում այսօր ավարտվեցին արտգործնախարարության մի շարք աշխատակիցների` նախկին պաշտոններում վերականգնելու հայցով դատական լսումները: Վճիռը դատարանը կհրապարակի մայիսի 29-ին:

Դատարան դիմած 4 նախկին դիվանագետների շահերի ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը ներկայացրեց իր պաշտպանյալների հիմնական փաստակը` «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի հոդվածում, որին հղվելով դիվանագետներին ազատել են աշխատանքից, ասված է, որ «դիվանագետները իրավունք չունեն սատարելու կոնկրետ քաղաքական ուժի»:

«Նշված չէ, թե իմ վստահորդների կողմից որ դրվագում են օգտագործվել ծառայողական դիրքն ու աշխատանքային միջոցները կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների շահերի , այլ քաղաքական կամ կրոնական գործողություններ իրականացնելու համար», - իր ելույթում ասաց փաստաբանը:

Հայցվորներին արտգործնախարարության նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը իր ծավալուն ելույթում պնդեց, որ իրենց հայտարարության մեջ չկա որեւէ հիշատակում կոնկրետ քաղաքական ուժի սատարելու վերաբերյալ, այլ «ընդամենը ընդհանուր մտահոգություն է հայտնված հետընտրական զարգացումների եւ ընտրախախտումների վերաբերյալ»:

Իսկ այն առնչությամբ, որ իրենց հայտարարությունն օգտագործվել է կոնկրետ քաղաքական շարժման` Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների կողմից [դիվանագետների հայտարարությունն ընթերցվել էր հանրահավաքներից մեկի ժամանակ], Վլադիմիր Կարապետյանը ասաց, որ հայտարարությունն իրենք տարածել էին լրատվամիջոցների համար. - «Եվ դրանից հետո ով ինչպես է մեկնաբանել այդ հայտարարությունը` դա իր գործն է: Մենք էլ մեր մեկնաբանությունը կտայինք, եթե չարձակեին աշխատանքից ազատման ապօրինի հրամանը»:

Արտգործնախարարության ներկայացուցիչները, սակայն, շարունակում են պնդել, որ հայտարարությունը քաղաքական բնույթի է, եւ, փետրվարի 24-ին ընթերցվելով ընդդիմության հանրահավաքում, ծառայեցվել է կոնկրետ քաղաքական ուժի շահերին:


Աննա Սաղաբալյան

(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Վլադիմիր Կարապետյան, Լեւոն Բաղդասարյան եւ այլոք)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG