Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանում մեկնարկեց ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվելիք զորավարժությունների պլանավորման համաժողովը


ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում այսօր Երեւանում մեկնարկեց «Համատեղ աղեղ, Համատեղ նիզակակիր եւ Խիզախ լուսան-2008» զորավարժությունների հիմնական պլանավորման համաժողովը, որին մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ եւ գործընկեր շուրջ 20 պետությունների 100-ից ավելի զինվորականներ:

Իրենց ներկայացուցիչներին Հայաստան չեն գործուղել Թուրքիան եւ Ադրբեջանը:

Հիմնական պլանավորման համաժողովի օրերին կշարունակվի զորավարժության պլանի մշակումը, կհամաձայնեցվեն իրավական հարցերը, կհամակարգվեն ուսումնավարժական միջոցառումների ծրագրերը, կամբողջացվեն անձնակազմի համալրման ցուցակները եւ այլն:

Բուն զորավարժությունը կմեկնարկի գալիք սեպտեմբերի 15-ին Բալահովիտի ուսումնական կենտոնում եւ Ձորաղբյուր գյուղի շրջակայքում:

Համաժողովի մասնակիցներին ողջունեցին եւ բացման խոսքով հանդես եկան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արշալույս Փայտյանը եւ Դաշնակցային ցամաքային բաղադրիչ ուժերի Հայդելբերգի հրամանատարության շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Կլաուդիո Վերչելոտտին:

Արշալույս Փայտյանի խոսքով, զորավարժությունները իրենց ծավալով աննախադեպ են տարածաշրջանի համար, ուստի «Հայաստանի համար ե’ւ պատիվ է, ե’ւ պատասխանատվություն դրանց պատշաճ կերպով նախապատրաստվելը». - «Զորավարժությունը բաղկացած է լինելու երկու փուլից. առաջին փուլը հրամանատարաշտաբային զորավարժությունն է, որին մասնակցելու են 300-ից ավելի սպաներ: Երկրորդ փուլը դաշտային զորավարժությունն է, որին մասնակցելու է 1000-ին մոտ թվակաքանակ ունեցող ընդհանուր համատեղված զորախումբ»:

Փայտյանը հավելեց, որ Հայաստանը պատրաստ է նաեւ օգոստոսի 1-5-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում զորավարժությունների անցկացմանը:

«Այս երկու զորավարժություններն էլ այնպես պետք է անցկացնենք, որ պատիվ բերի ե’ւ Հայաստանի Հանրապետությանը, ե’ւ նրա զինված ուժերին»:


Ռուբեն Մելոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG