Մատչելիության հղումներ

Կոնգրեսականը հետաքրքրվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Մարի Յովանովիչի կարծիքով


Ամերիկացի կոնգրեսական Ջիմ Կոստան անցած շաբաթավերջին նամակ է հղել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրված Մարի Յովանովիչին` խնդրելով նրան պատասխանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր տեսակետներին եւ կարծիքներին առնչվող հարցերին: Այդ մասին տեղեկացնում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արեւմտյան տարածաշրջանի գրասենյակից:

«Կարեւոր է, որպեսզի Միացյալ Նահանգները համալրի այս թափուր դիվանագիտական պաշտոնը Հայաստանում: Սակայն մինչ նա կհաստատվի Միացյալ Նահանգների Սենատի կողմից, իմ ընտրողների եւ ինձ համար անչափ կարեւոր է իմանալ նրա կարծիքը 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց ցեղասպանության վերաբերյալ», - հայտարարել է Ֆրեզնոյից ընտրված դեմոկրատ կոնգրեսականը:

Մարի Յովանովիչը ներկայումս Միացյալ Նահանգների դեսպանն է Ղրղըզստանում: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի թափուր պաշտոնի համար նրա թեկնածությունը նախագահ նախագահ Ջորջ Բուշը առաջադրել է այս տարվա մարտի 28-ին: Մինչ պաշտոնական նշանակումը Յովանովիչը պետք է մասնակցի իր հաստատման հարցով Սենատում կայանալիք լսումներին, որոնց հաջորդելու է քվեարկությունը:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը թափուր է 2006 թվականի սեպտեմբերից, երբ նախկին դեսպան Ջոն Էվանսը ետ կանչվեց, ամերիկահայ շրջանակների, ամերիկյան մի շարք լրատվամիջոցների եւ քաղաքական գործիչների համոզմամբ` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Դեսպանի պաշտոնում Բուշի առաջադրած նախկին թեկնածուի` Ռիչարդ Հոգլանդի հաստատումը Սենատում երկու անգամ արգելափակվեց դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից, ով իր քայլը հիմնավորեց Հոգլանդի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու փաստով: Ի վերջո, անցած տարվա օգոստոսին ԱՄՆ-ի վարչակազմը հրաժարվեց Հոգլանդին դեսպան նշանակելու մտադրությունից:


(Լուսանկարում` Ջիմ Կոստա)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG