Մատչելիության հղումներ

Այսօր բացվում է Կաննի միջազգային կինոփառատոնը


Այսօր բացվում է աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոններից մեկը` Կաննի միջազգային կինոփառատոնը, որի մրցութային ծրագրում ընդգրկված է նաեւ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Երկրպագություն» ֆիլմը:

Կաննի 61-րդ կինոփառատոնին մասնակցելու համար 107 երկրներից 4 հազարից ավելի ֆիլմեր նախնական հայտեր էին ներկայացրել: Դրանցից մրցութային ծրագրում ցուցադրվելու համար ընտրվել է 54 լիամետրաժ եւ 26 կարճամետրաժ կինոնկար:

Գլխավոր մրցանակին` Ոսկե արմավենուն, ըստ մասնագետների, հավակնում է մոտ երկու տասնյակ ֆիլմ, որոնց թվում` Էգոյանի «Երկրպագություն»-ը, Քլինթ Իսթվուդի «Նենգափոխում»-ը, Սթիվեն Սոդերբերգի 4-ժամանոց «Չե» պատմական ֆիլմը Չե Գեւարայի մասին, գերմանացի ռեժիսոր Վենդերսի «Սպանություն Պալերմոյում» ֆիլմը, թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանի «Երեք կապիկ» ընտանեկան դրաման, ամերիկացի օսկարակիր սցենարիստ եւ պրոդյուսեր Չարլզ Կաուֆմանի դեբյուտային ֆիլմը:

Կինոաշխարհի ներկայացուցչական այս փառատոնում շատ հայտնի դեմքեր կլինեն, իսկ Հարավային Ամերիկայից գլխավոր հերոսը կլինի արգենտինացի հանրահայտ ֆուտբոլիստ Մարադոնան, ով անձամբ կներկայացնի իր մասին նկարահանված սպորտային ֆիլմը, որի հեղինակը Էմիր Կուստուրիցան է:

Կինոփառատոնը կշարունակվի մինչեւ մայիսի 25-ը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG