Մատչելիության հղումներ

Արդեն ստացվել է ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ Եվրախորհրդի մոնիտորինգի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքերով` «ուրբաթ օրը կկայանա պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը, որը նախապատրաստում է [Ազգային ժողովի] քառօրյայի օրակարգը, եւ չի բացառվում, որ այդ խնդիրը օրակարգ կմտնի արդեն այս [երկուշաբթի օրը մեկնարկող] քառօրյայի համար. դա կախված է հանձնաժողովի դիրքորոշումից»:

Այն հարցին, թե արդյոք Վենետիկի հանձնաժողովի կողմից ամբողջությամբ ընդունվե՞լ են արված առաջարկները, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը պատասխանեց. - «Կարծում եմ, որ այդ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել փորձագիտական խմբի եւ Ազգային ժողովի նախագահի, աշխատանքային խմբի միջեւ, բոլորը պահպանված են: Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ եղած քննարկումների արդյունքում ձեւավորվել է 5 հոդվածից բաղկացած օրենսդրական նախագիծ, որը ուղարկվել է, ստացվել է նրանց համաձայնությունը, եւ ես պատճառ չեմ տեսնում, որ այն չմտնի օրակարգ, ինչպես եւ խոստացված էր ավելի շուտ»:

Ժողովների, հանրահավաքների, երթերի եւ ցույցերի մասին օրենքում մարտի 1-ից մտցված արտակարգ դրության ընթացքում կատարված փոփոխություններից եվրոպացի փորձագետները վերապահումներ ունեին հատկապես այն դրույթի առնչությամբ, ըստ որի` հանրահավաքն արգելելու դեպքում իրազեկում ներկայացնողն իրավունք չունի դիմել դատարան եւ կարճ ժամանակում ստանալ դատարանի վճիռը: Կային նաեւ այլ մտահոգություններ` կապված, մասնավորապես, ինքնաբուխ հանրահավաքների արգելման, իրազեկում ներկայացնելու ժամկետների հետ:

Արամ Սաֆարյանը վստահեցրեց, որ նոր փոփոխություններով ինքնաբուխ հանրահավաքները կթույլատրվեն:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG