Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Ժամանակ Երեւան»-ը մարտի 1-ի հետ կապված հարցեր է ուղղում իշխանություններին. - «Արդո՞ք 15 րոպեն բավական էր Ազատության հրապարակում մարտի 1-ի առավոտյան խուզարկություն կատարելու համար, այն դեպքում, երբ այդ օրը հրապարակում կար 200-ից ավելի վրան եւ մոտ 3000 նստացույցի մասնակից: Արդյո՞ք մարտի 1-ին Ազատության հրապարակի խուզարկությունից հետո, ցուցարարների վրանները եւ անձնական իրերը աղբատար մեքենաների մեջ լցնելը եւ այն բաց վիճակով Նուբարաշենի աղբանոց տեղափոխելը չէր վերացնում հետաքննվող փաստերը: Արդյո՞ք մարտի 1-ի առավոտյան խուզարկությունից անմիջապես հետո, Ազատության հրապարակը չի լվացվել հրշեջ ծառայությունների կողմից բերված ջրցան մեքենաներով, եւ արդյո՞ք այդ մեքենաները չէին սրբում հանցագործության հետքերը: Արդյո՞ք ՀՀ դատախազությունը դիմել է ՀՀ-ում գտնվող Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ռուսաստանի դեսպանություններին, որպեսզի նրանք տրամադրեն մարտի 1-ին տեսագրված նյութերը, քանի որ մարտի 1-ի դեպքերը տեղի էին ունենում նշված դեսպանատների տեսախցիկների առջեւ»:

«Այսօր իշխանական ճամբարում եւ այդ ճամբարին կիպ հարող պնակալեզների հոծ շարքերում գտնվողներից միայն ամենածույլերը ընդդիմադիրներին, ու առհասարակ` հանրահավաքների մասնակիցներին չեն մեղադրում «իշխանությունը յուրացնելու» եւ «զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ»: Ավելին, «իշխանության յուրացման» խելահեղ մեղադրանքն ուղղվում է ոչ միայն այն արդեն «յուրացրածներին», այսինքն` կոնկրետ քրեական գործերով անցնող անձանց, այլեւ` դեռեւս նման փորձ չկատարածներին: Փաստորեն, իշխանություններն այսօր իրենց գործողություններում առաջնորդվում են այն` հիրավի պարանոյալ կանխադրույթով, որ ողջ հասարակությունը, պոտենցիալ կերպով, ցանկանում է կամ «յուրացնել իշխանությունը», կամ «զանգվածային անկարգություն հրահրել»:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը «Հայոց Աշխարհ»-ում կարծիք է հայտնում. - «Մարտի 1-ին իրավապահների հետ բախումների գլխավոր կազմակերպիչը եւ մեղավորը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Այսօր նա ազատ շարունակում է նույն սադրիչ ու քայքայիչ գործունեությունը: Որքան էլ Տեր-Պետրոսյանը փորձի արդարանալ, անկասկած է, որ տեղի ունեցածի գլխավոր մեղավորը ինքն է, նա է նախաձեռնել ու կազմակերպել պետությունը կազմաքանդելու այդ շարժումը: Նա բազմաթիվ իրոք անմեղ ու պարզամիտ մարդկանց է թյուրիմացության մեջ գցել, տարել իր հետեւից, սակայն դարձյալ նրանց ճակատագրի պատասխանատվությունը ստանձնելու համարձակություն չունի: Լեւոն Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ չի եղել եւ բոլոր հնարավորությունները ունեցել է փողոց դուրս եկած մարդկանց առաջնորդելու, ղեկավարելու: Նա իմացել է, պարզապես, որ բողոքի դուրս եկած մարդկանց մեջ կան նաեւ հրազենով, այլ զենքերով զինված անձինք ու հնարավոր են կրակոցներ, բախումներ, ծեծկռտուք: Նա մտածել է միայն սեփական անվտանգության մասին ու խուսափել է այդ վայրում հայտնվել»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն պնդմանը, որ նա այլեւս պետության ղեկավար չէ, եւ կարող է արտահայտվել «ազատ բառապաշարով», «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը գրում է. - «Նկատենք, որ պարոն Քոչարյանի բառապաշարը երբեք առանձին «կաշկանդվածությամբ» աչքի չի ընկել նաեւ այն ժամանակ, երբ նա զբաղեցնում էր նախագահի բարձր պաշտոնը: Առանց հիշողությունը լարելու՝ կարելի է հիշել «մոսկաներին», «բառաչող կովերին», «վատ պարողներին», «յուղ վառելը», «հետույք փրկելը» եւ այլն: Եթե նախկին նախագահը կարծում է, որ այսօր եկել է բառապաշարը է’լ ավելի «ազատագրելու» ժամանակը, ապա նա, կարծում եմ, սխալվում է: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը իր կողմնակիցների, 17 «պատասխանատու» հեռուստաընկերությունների եւ մի քանի թերթերի համար շարունակում է մնալ «հեղինակություն», բարձր ինտելեկտի էտալոն, եւ նրանք պարտադիր կերպով ընդօրինակում են երկրորդ նախագահի ոճն ու բառապաշարը»:

«Եթե Հայաստանում ապրանքները դոլարով հաշվարկված աճում են 80 տոկոսով, իսկ աշխարհում` ասենք մի 20-30 կամ նույնիսկ 50 տոկոսով, ապա մեր շուկան դառնում է գրավիչ ներմուծման համար, իսկ արտահանումը դառնում է անիմաստ: Պատահակա՞ն է արդյոք այս վիճակը. իհարկե, պատահական չէ: Այն կառավարությունը, որ գրում է «մրցունակ տնտեսություն» ունենալու մասին ծրագրեր, իրականում ամենայն կերպ աջակցում է ներմուծողներին: Իսկ ավելի պատկերավոր ասած` ներմուծողները մեր կառավարության հիմնական, եթե չասենք միակ հենարանն են: Իսկ ավելի պատկերավոր ասած` կառավարությունը, եւ ընդհանրապես իշխանությունը, պարզապես սերտաճած է ներմուծողներին, եւ կարելի է պնդել, որ կառավարությունը ինքը ներմուծող է»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG