Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները երեկ հեռախոսով քննարկել են Աբխազիայի խնդիրը


Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը երեկ զանգահարել է Ռուսաստանի նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ շնորհավորել է նրան պաշտոնը ստաձնելու առիթով:

«Ռոյթերզ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ օգտվելով առիթից, Բուշն անդրադարձել է նաեւ անջատողական Աբխազիայի շուրջ ռուս-վրացական հետզհետե սրվող վեճին:

«Նախագահ Բուշը շնորհավորել է նախագահ Մեդվեդեւին, երկու լիդերները կարեւորել են ռուս-ամերիկյան հարաբերությունները, նշել են, որ պատրաստ են համագործակցել, ինչը բխում է վերջերս Սոչիում ձեռք բերված համաձայնությունից: Նրանք խոսել են անցած շաբաթվա ընթացքում Մոսկվայում ստորագրված միջուկային էներգիային վերաբերող թիվ 123 համաձայնագրի մասին: Նախագահ Բուշը նաեւ մտահոգություն է հայտնել Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ հույս է հայտնել, որ բոլոր կողմերը կաշխատեն լարվածությունը մեղմելու ուղղությամբ», - երեկ երեկոյան ասել է Սպիտակ տան խոսնակ Դանա Պերինոն:

Ջորջ Բուշը խոսել է նաեւ Ռուսաստանի վարչապետի պաշտոնը ստաձնած Վլադիմիր Պուտինի հետ եւ հաջողություն է մաղթել նրան նոր պաշտոնում:

Արեւմտյան գործակալությունները հաղորդում են, որ վերջին շրջանում Սպիտակ տունը խստորեն քննադատել է Կրեմլին Աբխազիա լրացուցիչ ուժեր ուղարկելու համար:

Անցած օրերի ընթացքում մի քանի անգամ լուրեր են հաղորդվել Աբխազիայի օդային տարածքում վրացական ինքնակառավարվող հետախուզական օդանավեր վայր գցելու մասին: Վրացիները կամ հերքում են այդ լուրերը, կամ էլ, ինչպես դա եղել է մեկ դեպքում, պնդում են, թե փոքրիկ օդանավը ոչնչացրել են ոչ թե աբխազները, այլ ռուսական մարտական կործանիչը:

Արեւմտյան երկրներին իսկապես անհանգստացնում են այդ իրադարձությունները եւ ռուսների ակտիվությունն Աբխազիայում եւ Հարավային 0սիայում:

Նախօրեին Թբիլիսի են այցելել Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովենիայի եւ Շվեդիայի արտգորնախարարները: Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին նրանց հետ հանդիպման ժամանակ Եվրամիությանը կոչ է արել «պաշտպանել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, որը վտանգնված է ռուսների կողմից»:

«Վճռվում է Եվրոպայի ապագան», - հայտարարել է Սահակաշվիլին:

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան
շաբաթավերջին Սուխումիում հանդիպել է Աբխազիայի չճանաչված վարչակազմի ղեկավարներին՝ նախագահ Սերգեյ Բագապշին եւ արտգործնխարար Սերգեյ Շամբային:

Շամբան այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է վրաց-աբխազական բանակցությունների հեռանկարը:

«Ամերիկացիներն ու մենք հավատում ենք, որ կա երկխոսությունը վերականգնելու հնարավորություն: Մեր դիրքորոշումն այն է, որ Վրաստանը պարտավոր է կատարել ստորագրած պայմանագրի դրույթները եւ դուրս բերել ուժերը Կոդորի կիրճից», - ասել է Շամբան եւ հավելել. - «Այս հարցում փոխզիջում հնարավոր չէ, մենք կնքել ենք փաստաթուղթ, որի համաձայն, Կոդորի կիրճը պետք է ապառազմականացվի»:

Ռուսաստանի արտգործնախարարությունը քննադատել է Մեթյու Բրայզայի այցը Սուխումի` հայտնելով, որ ամերիկացի դիվանագետը Աբխազիայի հակամարտության շուրջ ռուս-վրացական վեճում վրացամետ կողմնորոշում ունի:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG