Մատչելիության հղումներ

Մոսկվայում բացվեց Հայ մշակույթի առաջին միջազգային փառատոնը


Այսօր Մոսկվայում բացվեց Հայ մշակույթի առաջին միջազգային փառատոնը: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը լրագրողներին հայտնել է, որ «Կարոտ» կոչվող փառատոնի շրջանակներում կանցկացվեն համերգներ, ցուցահանդեսներ, գրողների հետ հանդիպումներ, կինոցուցադրումներ եւ նույնիսկ հայկական խոհանոցի մրցույթ:

Նրա վկայությամբ՝ փառատոնը կդառնա ամենամյա:

«Նման միջոցառումները միավորում են ժողովուրդներին, դրանք կարեւոր են ոչ միայն Ռուսաստանի հայերի, այլեւ բոլոր ռուսաստանցիների համար»,֊ - կարծիք է հայտնել Արա Աբրահամյանը:

Փառատոնի շրջանակներում, որը կտեւի մինչեւ մայիսի 19֊-ը, այսօր Գլինկայի անվան երաժշտական մշակույթի թանգարանում բացվել է ժամանակակից հայ նկարիչների ցուցահանդես, իսկ երեկոյան կկայանա հանդիպում գրողներ Անդրեյ Բիտովի, Կիմ Բակշիի եւ Ջովանի Գուայտայի հետ:

ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ վաղը Արմեն Ջիգարխանյանի թատրոնում կկայանա Պերճ Զեյթունցյանի «Դատարանն է գալիս» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան: Պիեսը պատմում է Սողոմոն Թեհլերյանի դատավարության մասին:

Փառատոնի գլխավոր իրադարձությունը Կրեմլի պալատում մայիսի 15֊ին կայանալիք գալա-համերգն է լինելու: Նույն օրը Ռուսաստանի մայրաքաղաքում կբացվի Առնո Բաբաջանյանի հուշատախտակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG