Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր գործիչը կարծում է, որ իրեն ազատ են արձակել Եվրախորհրդի ճնշումների հետեւանքով


«Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից երեկ ազատ արձակված ընդդիմադիր գործիչ, Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի կարծիքով, իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխությունը հետեւանք է Եվրախորհրդի գործադրած ճնշումների:

«Պետական իշխանությունը յուրացնելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու» մեջ մեղադրվող Ռուբինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը, երեկ Հայաստանի գլխավոր դատախազի գրավոր ցուցումով փոխարինվել է երկրից չհեռանալու ստորագրությամբ:

«Ես գիտեի, որ ստեղծվելու է մի հանձնաժողով, որը պետք է զեկուցեր Սերժ Սարգսյանին ինչ-որ քայլերի մասին, եւ սպասում էի, որ քայլերից մեկն էլ պետք է լինի թուլացումը», - «Ազատություն» ռադիոկայանին երեքշաբթի օրը ասաց Կարապետ Ռուբինյանը:

Նա վստահություն հայտնեց, թե իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխությունը պայմանավորված է Եվրախորհրդի կողմից Հայաստանի իշխանությունների նկատմամբ գործադրվող ճնշումների. - «Անպայման: Ինչպես տեսնում եք, որեւէ բարոյական արգելք [իշխանությունները] չունեն: Ունեն պատրաստի հզոր մի աշխատակազմ` ի դեմս ամեն ինչի պատրաստ քննիչների... Եվ, ինչպես տեսնում եք ընթացող դատավարություններից, որեւէ պրոբլեմ չունեն մեկ-երկու ծախու միլիցիոներների որպես վկա բերեն եւ ցանկացած անմեղ մարդու դատեն»:

«Եթե չլիներ ճնշումը դրսից, եթե չլիներ մեր ժողովրդի շարունակական պայքարը, որեւէ բարոյական, խղճի արգելք այդ մարդիկ չունեն», - ասաց Ռուբինյանը:

Նա նաեւ հույս հայտնեց, թե «մոտակա օրերին պիտի նույն սկզբունքով էլի ազատագրումներ լինեն` խափանման միջոցի փոփոխություն»:

Ռուբինյանը, ով մարտի 1-ի երեկոյան եղել է Մյասնիկյանի արձանին հարող տարածքում, ասաց, որ լսել է «կրակոցների ու պայթյունների ձայնը», բայց չի կարող ասել, թե ովքեր եւ որտեղից են կրակել:

Նրա կարծիքով, այդ կրակոցները «ընդամենը ժողովրդին վախեցնելու համար» էին: Ռուբինյանի խոսքով` ինքը «չէր կարող պատկերացնել, որ մարդկանց վրա ուղղակի կարող էին կրակ բացել»:

«Ոչ մի պրոբլեմ չպիտի ունենան` բացահայտելու, թե ովքեր էին իրական հրահրիչները, ովքեր բերեցին այդ հրահրիչներին, ովքեր թույլ տվեցին, որպեսզի ջարդեն եւ թալանեն ինչ-որ խանութներ: Եվ ինչո՞ւ, եթե պիտի կրակեին, չէին կրակում այդ թալանչիների վրա, այլ կրակում էին խաղաղ ցուցարարների վրա», - ասաց Ազգային ժողովի նախկին փոխխոսնակը` շարունակելով. - «Եթե ցանկություն լինի այդ բոլորը բացահայտելու, անկախ հանձնաժողով էլ պետք չէ: Պարզապես պետք է դատախազ նշանակել մի մարդու, որին վստահում է ժողովուրդը... Ամբողջ խնդիրն այն է, որ եթե [անկախ հետաքննողները] ներկայացնեն Ճշմարտությունը, ՍերԺ Սարգսյանը մի րոպե անգամ չի կարող նստել նախագահի աթոռին»:

Նրա համոզմամբ, իշխանությունները, եթե անգամ որեւէ բան անեն Եվրախորհրդի բանաձեւի պահանջները կատարելու ուղղությամբ, ապա անելու են «կիսատ-պռատ»:

«Եվ այդ կետերի մեծ մասը, իհարկե, չի կատարվի, եւ, համոզված եղեք, որ ձեւեր կգտնեն նաեւ եվրոպացիներին «ֆռռացնելու» համար: Որովհետեւ եթե այդ կետերի պահանջները իսկապես իրականացվեն, այդ մարդիկ կանգնելու են դատարանի առջեւ», - ասաց Կարապետ Ռուբինյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG