Մատչելիության հղումներ

Մոլորակի պետական եւ հասարակական մի քանի տասնյակ գործիչներ այսօր ժամանում են Երուսաղեմ, որտեղ գումարվում է Իսրայել պետության ստեղծման 60-ամյակին նվիրված միջազգային խորհրդաժողով` Իսրայելի գործող նախագահ, նախկին վարչապետ Շիմոն Պերեսի նախաձեռնությամբ:

Խորհրդաժողովի նշանաբանն է` «Վաղվա ակնկալիքով»: Այդ հավաքին մասնակցելու համաձայնություն են տվել Ալբանիայի, Բուրկինա Ֆասոյի, Խորվաթիայի, Վրաստանի, Լատվիայի, Լեհաստանի, Սլովենիայի եւ Ուկրաինայի նախագահները, Հունգարիայի եւ Սլովակիայի վարչապետները: Պատվավոր հյուրերի թվում է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը, ով Երուսաղեմ կժամանի վաղը:

Ներկայացուցչական է նաեւ խորհրդաժողովին մասնակցող պաշտոնաթող գործիչների ցանկը. Երուսաղեմ են ժամանում նախկին ԽՍՀՄ-ի նախագահ Միխայիլ Գորբաչովը, Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, ներկայումս Մերձավոր Արեւելքի հարցերով միջազգային բանագնաց Թոնի Բլեյրը, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար, ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Հենրի Քիսինջերը:

Այսօր՝ խորհրդաժողովի առաջին օրը մասնակիցները կանդրադառնան Ինտերնետին եւ մամուլի նոր հնարավորություններին: Այսօրվա բանախոսներից են լրատվամիջոցների խոշոր սեփականատեր Ռուպերտ Մերդոքը, Google կայքի հիմնադիր Սերգեյ Բրինը եւ Yahoo կայքի նախկին ղեկավար Թերրի Սեմելը:

Եռօրյա խորհրդաժողովի երկրորդ եւ երրորդ օրերին քննարկվելու են Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը եւ իսրայելական պետության առջեւ ծառացած խնդիրները: Խորհրդաժողովի կազմակերպիչները հավաքի համար ընտրել են Ալբերտ Էյնշտեյնի հեղինակած ձեւակերպումը. - «Սովորիր երեկվանից, ապրիր այսօրով, հույս տածիր վաղվա հանդեպ եւ երբեք մի դադարիր հարցեր տալ»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG