Մատչելիության հղումներ

Թուրք զբոսաշրջիկները տպավորված են Հայաստանում կատարած շրջագայությունից


Վերջերս երեք տասնյակ թուրք զբոսաշրջիկներ տասնօրյա շրջագայություն են կատարել Հայաստանում: Այս աննախադեպ շրջագայությունը այնպիսի տպավորություն է թողել, որ, ըստ «Թրքիշ դեյլի նյուս» պարբերականի, նախաձեռնող թուրքական տուրիստական կազմակերպությունը եւս մեկ նման ճամփորդություն է ծրագրել օգոստոսին:

Fest Travel գործակալության ղեկավարները իրենց մտահղացումը բացատրում են այսպես. - «Թուրք ժողովրդի շրջանում Հայաստանը տեսնելու ցանկություն ու պահանջարկ կա: Եվ քանի որ մենք աշխարհի գրեթե բոլոր երկրներում շրջագայություններ կազմակերպել էինք` բացի Հայաստանից եւ Վրաստանից, որոշեցինք այս անգամ փորձել այցելել մեր այս հարեւաններին»:

Քանի որ հայ - թուրքական սահմանը փակ է` խումբը ինքնաթիռով մեկնել է Վրաստան, որտեղից էլ ավտոբուսով մտել Հայաստանի տարածք: Թերթի փոխանցմամբ` չնայած երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, այցագրային ընթացակարգերում որեւէ խնդիր չի ծագել, միայն որոշ բյուրոկրատական քաշքշուկներ եղել են հայ - վրացական սահմանին:

«Թրքիշ դեյլի նյուս»-ի հետ զրույցում թուրք զբոսաշրջիկները հայերի հյուրընկալությունը որակել են «հոյակապ»: «Մեծ հետաքրքրություն կար մեր խմբի նկատմամբ: Նույնիսկ ռեստորանում մեր վերջին ճաշի ժամանակ հարեւան սեղանի մոտ նստածները միացան մեզ եւ սկսեցին պարել մեզ հետ», - պատմել է զբոսաշրջիկներից մեկը` Lեյլա Չիզմեչին:

Թուրք զբոսաշրջիկները իրենց հետ հանդիպած հայերի հետ զրույցներում չեն կարողացել խուսափել Հայոց ցեղասպանության թեմայից: «Մենք լսում էինք կատարվածի վերաբերյալ մարդկանց կարծիքները, նրանք ասում էին, որ հայերի սպանությունները միջազգայնորեն պետք է ճանաչվեն որպես ցեղասպանություն, սակայն որեւէ բացասական երեւույթի չենք առնչվել: Չէ որ հակամարտությունը հայ եւ թուրք ժողովուրդների մեջ չէ», - թերթին ասել է մեկ այլ զբոսաշրջիկ` Էրթան Սերբեչին:

Խումբը շրջագայել է Երեւանի տեսարժան վայրերով, այցելել Էջմիածին, Հաղպատ, Սանահին, Գառնի եւ Գեղարդ:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG